Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդների գործադուլին, նշել է, որ շանտաժի չեն տրվելու, կոմպրոմիսի չեն գնալու, իսկ կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության։ Այդ մասին ասվում է նրա տարածած հայտարարության մեջ։
«Ինչպես արդեն տեղյակ եք, վաղ առավոտից հասարակական տրանսպորտի վարորդների մի մասն իրականացնում է գործադուլ, որի հետևանքով հազարավոր քաղաքացիների տեղաշարժման անհարամարություններ են պատճառվել։
Նախ ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից ստեղծված իրավիճակի համար, միևնույն ժամանակ՝ հստակ արձանագրեմ, որ որևէ տեսակի շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու։ Կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության»,–ասվում է հայտարարության մեջ։
Գործադուլ հայտարարած վարորդներից 18-ին ազատել են աշխատանքից։ Քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է, թե ինչ հիմքով է դա արվել։
«18 վարորդների աշխատանքի ազատման հիմքը հետևյալն է՝
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ և 122-րդ հոդվածներ, որոնց համաձայն՝ գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը կատարել է այնպիսի արարք, որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս։ Նշված հիմքով նախատեսված դեպքերում գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու՝ առանց աշխատողին ծանուցելու»։
Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածը վերաբերում է աշխատանքային պայմանագրի լուծմանը գործատուի նախաձեռնությամբ, հոդված 122-ը՝ աշխատանքային պայմանագրի լուծմանն աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով։
Մինչդեռ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները վստահեցնում են՝ իրենք որևէ մեկին շանտաժ չեն արել և չեն անում, ուղղակի ցանկանում են, որպեսզի իրենց տրված խոստումները կատարվեն, հայտնում է Sputnik Արմենիան։
«Ի՞նչ զգուշացնեինք, մեր գործադուլի մասի՞ն։ Իրենք 1 ամիս առաջ մեզ խոստացել էին, որ ամեն ինչ լավ է լինելու, աշխատավարձերը բարձրանալու են, զուգարանի, հավաքարարի հարցերը լուծելու են, բա ո՞ւր ա։ Ավտոբուսները, որ սիրուն, մաքուր դուրս ա գալիս երթուղի, մարդիկ էլ նստում են, էդ ամբողջը վարորդների շնորհքն ա։ Ես վարո՞րդ եմ, թե՞ հավաքարար։ Ստացվում է, որ բացի նրանից որ քշում ենք, նաև այլ գործառույթներ ենք իրականացնում, ինչի՞»,- նշել են բողոքի ակցիա իրականացնողներից մեկը։
Ներդրված միասնական տոմսային համակարգի մասին խոսելիս էլ նշում են՝ իրենց կարող են աշխատանքից հեռացնել, եթե ուղեվարձը չեն վերցնում որևէ ուղևորից։
«Մեզ ասում են՝ պետք է պահանջեք գումարը, բայց եթե ծեր մարդ է կամ դպրոցական երեխա, որ նստել է, 100 դրամանոց չունի, ձեռքին էլ «ՊՆ Nokia» է (կոճակներով հեռախոս), ինչ անենք, հանե՞նք ավտոբուսից, թե՞ տփենք, ձեռքից փող վերցնենք։ Հիմա էլ ձմեռ ա, ցուրտ ա, որ մեկի էրեխուն կամ ծնողին իջեցնեմ ու ասեմ` փող չունես, չես գնալու»,- դժգոհել են վարորդները։
Վարորդների ամսվա ընթացքում 15 օրվա համար վարձատրությունն առանց հարկերի (մաքուր աշխատավարձ) կազմում է մինչև մոտ 400,000 դրամ (MAN – 401,500 դրամ, Zhong Tong – 309,500 դրամ, Gazel City – 219,500 դրամ):