Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ունեցած ելույթում, անդրադառնալով իր ղեկավարած քաղաքական ուժի քաղաքականությանը 2019–ից սկսած, ասել է, որ իրենց վարած քաղաքականությունը ԼՂ հարցում միակ տարբերակն է, որը «պետություն ունենալու շանս է տալիս»։
«Ի՞նչ է տեղի ունեցել 2019 թվականին ու ինչքանո՞վ է ճիշտ կամ սխալ այն քաղաքականությունը, որը ես վարել եմ։ Իմ տպավորությամբ՝ եթե մեր քաղաքականությունը գնահատում ենք Լեռնային Ղարաբաղի հարցը ևս «ինն ամիս» ձգելու տրամաբանությամբ, ապա մեր վարած քաղաքականությունը կարելի է համարել սխալ, եթե մոռանանք, որ խնդրի ձևակերպումն ի սկզբանե արդեն սխալ էր։ Եթե հարցը ձևակերպում ենք պետությունը պահելու շանսի առումով, ապա այն քաղաքականությունը, որ վարել ենք ու վարում ենք, ոչ թե ճիշտ է կամ սպալ, այլ միակ հնարավոր տարբերակն էր ու տարբերակն է, որը մեզ պետություն ունենալու շանս է տալիս»,- ասել է նա։
Փաշինյանը նաև ասել է, որ աշխարհը մեզ ընկալում է, որպես «ազգ-նահատակ», որի հաղթահարման լավագույն բանաձևը երկար ժամանակ «ազգ-բանակն է» եղել։
«Իմ մտորումները բերում են այն համոզման որ «ազգ-բանակը» «ազգ-նահատակի» տրամաբանության և շարունակության մեջ է։ Պետք է այդ ամենին պատասխանել պետականության բանաձևով»,- ասել է վարչապետը։
Նա հիշեցրել է, որ 2 տարի առաջ ԱԺ–ում հայտարարել էր, որ եթե հաջողվի 1-2 տարի պահել ՀՀ պետականությունը, կնշանակի, որ առաջիկա 100 տարում պետության գոյությունը պահպանելու իրական հնարավորություն է ստեղծվելու:
«Եվ ահա 2 տարի անց ես խորհրդարանի ամբիոնի մոտ կանգնած եմ որպես ՀՀ վարչապետ, ինչը նշանակում է, որ կարելի է արձանագրել, որ միջնաժամկետում ռազմավարական խնդիրը լուծված է»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, սակայն, որ ոչ մի վայրկյան չի կարելի թուլացնել զգոնությունը, որովհետև թեև մարտահրավերների մի զգալի մասը դարձել է ավելի կառավարելի, բայց ի հայտ են եկել նոր մարտահրավերներ:
«Մենք պետք է կարողանանք հաղթահարել այս ականապատ դաշտն ու միջավայրը և հասնենք մի հանգրվանին, որը հնարավորություն կտա ասելու, որ մենք երաշխավորեցինք մեր պետության լինելիությունն առաջիկա 100 տարվա համար: Ես վստահ եմ, որ հենց մենք ենք այն կառավարությունը, այն խորհրդարանը, որոնք կկարողանան ասել, որ մենք երաշխավորեցինք Հայաստանի պետականության գոյությունն առաջիկա 100-ամյակի ընթացքում»,-ասել է Փաշինյանը։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։