AM
3 December 2024 - 11:35 AMT

Սիմոնյան․ Եթե Աղազարյանն իրեն դնում է թիմից դուրս, այլևս թիմի հետ ճանապարհ չունի շարունակելու

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ՔՊ–ական պատգամվոր Հովիկ Աղազարյանի՝ մանդատը վայր չդնելու հարցին, ասել է, որ եթե վերջինս իրեն դնում է թիմից դուրս, ապա այլևս թիմի հետ ճանապարհ չունի շարունակելու։

«Եթե դու քեզ դնում ես թիմից դուրս, դա ամենավատ բանն է: Ես չգիտեմ՝ ՔՊ վարչությունն ինչ որոշում կկայացնի, բայց եթե նման բան էլ տեղի ունենա, դա կլինի ստեղծված իրավիճակի արձանագրում, այլ ոչ թե նոր իրավիճակի ստեղծում»,- ընդգծել է ԱԺ նախագահը, գրում է Factor.am-ը։

Նա ճիշտ չի համարում վարչապետի հրապարակային խնդրանքը մերժելը։

«Համարում եմ, որ ՀՀ վարչապետը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ դիմել էր նրան նաև հրապարակային խնդրանքով, և ես չեմ կարծում, որ նման պարագայում ճիշտ է այդ խնդրանքն անտեսել և մերժել: Ես չեմ քննարկում պատճառները, չեմ ուզում մտնել այդ քննարկման մեջ, ես դա իրեն էլ եմ ասել»,-ասել է նա։

Սիմոնյանը նաև նշել է, որ եթե ՀՀ վարչապետն իրեն խնդրի, նա վայրկյան անգամ «չի ընդդիմանա այդ խնդրանքին»։

Նա վստահեցրել է, որ Հովիկ Աղազարյանին չի սպառնացել։

«Եթե ես որևէ մեկին սպառնում եմ, դա անում եմ տեսախցիկների առաջ»,- ասել է Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է Մոսկվայից Աղազարյանի ընկերոջը, ապա՝ Սիմոնյանը նշել է, որ իրեն թվում է՝ «Կարլոսոնի» պես մի բան է, գոյություն չունի, հայտնում է «Փաստինֆոն»։

Մինչդեռ Հովիկ Աղազարյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԱԺ-ում հանդես չի գալու որպես անկախ պատգամավոր։

«Անկախ պատգամավոր չեմ, խմբակցության անդամ եմ»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Աղազարյանը նշել է, որ իր որոշման հարցով իր հետ որևէ մեկը չի խոսել և պնդել է, որ գործընկերները շարունակում են իրեն յուրային ընդունել։

Դեկտեմբերի 2–ին Աղազարյանը հայտարարել է, որ մերժում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքն ու վայր չի դնի պատգամավորական մանդատը։ Նա հավելել է, որ դա իր կյանքի ծանրագույն որոշումն է եղել։ Աղազարյանն ասել է, որ, վստահաբար, իր որոշումը լավ չի ընդունվելու խմբակցությունում և չի բացառել, որ խմբակցությունից իրեն հեռացնելու հարց քննարկվի։ Միևնույն ժամանակ, պատգամավորն ասել է, որ իր այս որոշումից հետո Գլխավոր դատախազը կարող է մտնել խորհրդարան ու առաջարկել իրեն զրկել անձեռնմխելիությունից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին Հանրային ՀԸ եթերում, խոսելով պաշտոնանկությունների մասին, հայտնել էր, որ մանդատները դնելու խնդրանքով դիմել է նաև ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին և հույս ունի, որ խնդրանքն անարձագանք չի մնա: Զեյնալյանը հետևել էր Փաշինյանի հորդորին։ Աղազարյանը հաջորդ օրը հայտարարեց, որ որոշում կայացրել է, բայց այն կհրապարակի նոյեմբերի 25-ին:

Հոկտեմբերի 15–ին վիճաբանություն սկսվեց, երբ Հովիկ Աղազարյանը դիտողություն արեց ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին, իսկ վերջինս պատգամավորին խնդրեց կոռուպցիայի դեմ պայքարի, հովանավորչության համատեքստում մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են Աղազարյանի որդու հետ կապված քրեական գործով։ Քյարամյանի արած հայտարարության վերաբերյալ ավել ուշ նախաձեռնվեց քրեական վարույթ, լուրեր էին շրջանառվում, որ Աղազարյանը շուտով վայր կդնի մանդատը։ Մի քանի օր անց Քյարամյանը, ի թիվս այլ պաշտոնյաների, ում վարչապետը խնդրել էր հրաժարական տալ, հայտարարեց իր հրաժարականի մասին: