AM
4 December 2024 - 06:25 AMT

Հասարակական տրանսպորտի աշխատանքը վերականգնվել է, 32 վարորդ ազատվել է աշխատանքից

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտարարել է, որ հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է. շարժակազմները դուրս են եկել երթուղիներ»,–ասվում է գրառման մեջ։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ ավտոբուսի 32 վարորդ ազատվել է աշխատանքից։ Նա այդ մասին հայտարարել է Հանրային հեռուստաընկերության եթերում։

Նա չի բացառել, որ կարող են լինեն նաև այլ ազատումներ, քանի որ քաղաքապետարանը չի պատրաստվում հանդուրժել նման պահվածքը։

«Ով ուզում է աշխատանքի վերադառնալ, կարող է գալ, ուրիշ բան չենք առաջարկելու։ Եթե կարծում են, որ 100 դրամները հետ ենք վերադարձնելու, ապա նման բան չի լինելու»,– ասել է քաղաքապետը։

Ազատումների ֆոնին՝ Ավինյանն ընդունել է, որ հաճախականության հետ կարող են խնդիրներ լինել, բայց, ըստ նրա, Հայաստանում D կարգ ունեցող 50,000 վարորդ կա, այնպես որ հարցը լուծելի է։

«Եթե պետք լինի, անձնապես կգնանք, ավտոները կնստենք, մարդկանց էլ կոչ կանենք ուղևորներին կանգառներից տեղափոխել»,– ասել է Ավինյանը։

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, ներկայացնելով դեկտեմբերի 3–ի առավոտյան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ վարորդների հայտարարած գործադուլի հետևանքով ստեղծված իրավիճակը, հայտարարել է, որ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդների գործադուլին, նշել էր, որ շանտաժի չեն տրվելու, կոմպրոմիսի չեն գնալու, իսկ կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության։ Մինչդեռ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները վստահեցնում են՝ իրենք որևէ մեկին շանտաժ չեն արել և չեն անում, ուղղակի ցանկանում են, որպեսզի իրենց տրված խոստումները կատարվեն: