AM
4 December 2024 - 07:06 AMT

Հովիկ Աղազարյանը հեռացվել է ՔՊ-ից

Աժ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Քննարկվել են նաև այլ հարցեր։

Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ՔՊ–ական պատգամվոր Հովիկ Աղազարյանի՝ մանդատը վայր չդնելու հարցին, ասել է, որ եթե վերջինս իրեն դնում է թիմից դուրս, ապա այլևս թիմի հետ ճանապարհ չունի շարունակելու։

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը ոչ միայն դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, այլև խմբակցությունից։ Նա այդ մասին հայտարարել է Ազգային ժողովում` նշելով, որ վայր է դնում նաև ԱԺ հաշվիչ հանձնաժողովի անդամի իր լիազորությունները, հայտնում է Sputnik Արմենիան։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ քարտուղարությանը խնդրել է Աղազարյանին իրենց խմբակցության շարքերից տեղափոխել մեկ այլ տեղ, աթոռ տրամադրել այլ հատվածում։

Փաշինյանը նոյեմբերի 22-ին Հանրային ՀԸ եթերում, խոսելով պաշտոնանկությունների մասին, հայտնել էր, որ մանդատները դնելու խնդրանքով դիմել է նաև ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին և հույս ունի, որ խնդրանքն անարձագանք չի մնա: Զեյնալյանը հետևել էր Փաշինյանի հորդորին։ Աղազարյանը հաջորդ օրը հայտարարեց, որ որոշում կայացրել է, բայց այն կհրապարակի նոյեմբերի 25-ին:

Հոկտեմբերի 15–ին վիճաբանություն սկսվեց, երբ Հովիկ Աղազարյանը դիտողություն արեց ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին, իսկ վերջինս պատգամավորին խնդրեց կոռուպցիայի դեմ պայքարի, հովանավորչության համատեքստում մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են Աղազարյանի որդու հետ կապված քրեական գործով։ Քյարամյանի արած հայտարարության վերաբերյալ ավել ուշ նախաձեռնվեց քրեական վարույթ, լուրեր էին շրջանառվում, որ Աղազարյանը շուտով վայր կդնի մանդատը։ Մի քանի օր անց Քյարամյանը, ի թիվս այլ պաշտոնյաների, ում վարչապետը խնդրել էր հրաժարական տալ, հայտարարեց իր հրաժարականի մասին: