Հայտնի է, թե ովքեր կմասնակցեն Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին։ Ցուցակը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ, Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին կմասնակցեն քաղաքապետի պաշտոնակատարի հետևյալ թեկնածուները. Լևոն Անանյան, Դավիթ Առուշանյան, Շավարշ Արամյան, Էմմա Բարսեղյան, Սարիկ Մինասյան, Վահագն Մկրտչյան, Կարեն Սարուխանյան։
Նրանք այսօրվանից կարող են իրականացնել քարոզչություն, իսկ նախնական քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին: Նախնական քվեարկության արդյունքներով առավելագույն ձայն ստացած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար: Քվեարկության կարգի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ»,–ասվում է գրառման մեջ։
Հայտնի է դարձել, թե ինչպես է իրականացվելու քվեարկությունը Գյումրիում, հայտնում է Factor.am-ը։
«Որոշվել է Գյումրին բաժանել հինգ-վեց մասի կամ պայմանական ասած՝ ընտրատարածքների։ ՔՊ-ականները վիճակահանությամբ ընտրելու են փողոցները և քվեատուփերով մոտենան մարդկանց՝ այդ թվում տներում։ Քաղաքացին գաղտնի իրականացնելու է ընտրությունը, ապա քվեաթերթիկը գցելու է արկղը։ Որոշվել է, որ շրջիկ խմբերի անդամների վրա ամրացված է լինելու տեսախցիկ, որպեսզի բացառվեն խախտումները։ Արդյունքերն ամփոփվելու են ՔՊԿ-ի Գյումրու տարածքային գրասենյակում, չի բացառվում, որ ուղիղ հեռարձակում լինի»,–ասվում է հրապարակման մեջ։
Ավելի վաղ, անդրադառնալով Գյումրիի ավագանու ընտրություններին և քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանն՝ Փաշինյանը գրել էր, որ ընդառաջ նախնական քվեարկությանը որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքնաառաջադրվել։ Ինքնառաջադրման վերջնաժամկետը դեկտեմբերի 2-ի ժամը 12.00-ն էր:
Հոկտեմբերին Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները, այդ թվում՝ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, վայր դրեցին իրենց մանդատները։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։