AM
4 December 2024 - 09:15 AMT

ԱՄՆ–ն $74,000 է հատկացրել Մատենադարանում պահվող՝ ԼՂ-ում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնմանն ու հանրայնացմանը

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տրվել է Մատենադարանում պահվող` Լեռնային Ղարաբաղում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնմանն ու հանրայնացմանն ուղղված ծրագրի մեկնարկը, որն իրականացվելու է ԱՄՆ աջակցությամբ:

ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը ծրագրի իրագործման նպատակով Մատենադարանին է հատկացրել 74 հազար դոլար։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ։

Ծրագրի շրջանակում ընտրվել են Գանձասարում, Դադիվանքում, Գնդեվանքում, Խադավանքում, Գտչավանքում և հայկական այլ միջնադարյան վանքերում 13-18-րդ դարերում գրված և նկարազարդված այնպիսի ձեռագրեր ու եզակի արխիվային վավերագրեր, որոնք լույս են սփռում հայկական հարուստ մշակութային ժառանգության և պատմական անցքերի վրա:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանությանը՝ ի թիվս այլ ծրագրերի, Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում գրչագրված ձեռագիր մատյանների և դրա հնագույն պատմությանն առնչվող բացառիկ վավերագրերի վերականգնման ու հանրահռչակման ծրագիրը Մատենադարանի հետ համատեղ իրականացնելու համար։

«Լեռնային Ղարաբաղի ձեռագրական ժառանգությունն իր ուրույն տեղն ունի հայկական մշակութային ժառանգության մեջ: Իր ինքնատիպ ձեռագիրն ունեցող և հարուստ ավանդույթներով այս ժառանգությունը դեռևս, ինչպես հարկն է, չի հանրահռչակվել և ներկայացել աշխարհին: Թեև անվանի հայ և որոշ օտարերկրյա հեղինակներ անդրադարձել են այդ դպրոցի գրչությանն ու մանրանկարչությանը, սակայն, այդ աշխատությունները լույս են տեսել հայերենով, և միայն որոշ առանձին ձեռագրերի ուսումնասիրություններն են հազվադեպ հրատարակվել այլ լեզուներով: Հետևաբար, այս ծրագիրը կարևոր է նաև հանրահռչակման տեսանկյունից»,–ասել է նա։

Քրիստինա Քվինը նշել է. «Երեք տարվա այս ծրագրի շրջանակում 74,000 ԱՄՆ դոլար է հատկացվում իր հարուստ պատմամշակութային արժեքներով հայտնի Լեռնային Ղարաբաղի հինավուրց հայկական վանքերում գրչագրված 13-րդ դարի ձեռագիր մատյանների պահպանության նպատակով։ Սա ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի 15-րդ ծրագիրն է, որով մենք աջակցում ենք Հայաստանի անզուգական մշակութային ժառանգության պահպանությանը։ Սպասում ենք նոր ծրագրերի իրականացմանն առաջիկայում»:

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով՝ շնորհակալություն հայտնելով ծրագրի իրականացման համար:

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։