AM
4 December 2024 - 10:01 AMT

Կոնջորյան․ Աղազարյանը ներգրավված էր կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքում

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մանրամասներ է ներկայացրել Հովիկ Աղազարյանին ՔՊ կուսակցությունից հեռացնելու պատճառներից։

Նա տեղեկացրել է, որ Աղազարյանը ներգրավված է եղել պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերում, հայտնում է Արմենպրեսը։

«Պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որոնք ենթակա չէին հրապարակման, արտահոսքեր է կազմակերպել։ Դա դարձել է նրան կուսակցությունից հեռացնելու հիմքերից մեկը։ Ես հիմա օրինակներ չեմ բերի, բայց դրանց առնվազն մի մասը մամուլում կա»,- ընդգծել է Կոնջորյանը։

Նրա խոսքով՝ պատգամավորներն ունեն գաղտնիության համապատասխան թույլտվություն, որպեսզի լսեն և տիրապետեն այդ տեղեկատվությանը, բայց այն հրապարակել չի կարելի։

«Խոսքը հարցազրույցի մասին չի, այլ փակ քննարկման ժամանակ հնչած տեղեկատվության, որն այդ թվում վերաբերվում է պետական, ազգային անվտանգության հարցերի։ Այդպիսի տեղեկությունների արտահոսք է կազմակերպվել։ Վարչության նիստի ժամանակ Աղազարյանը չի հերքել դա»,- ասել է Կոնջորյանը։

Նա նշել է, որ Աղազարյանի գործողությունները կարող են վերլուծվել իրավապահների կողմից։

«Ես տեսնում եմ, որ այս ամենը կարող է ուսումնասիրության առարկա դառնալ, այդ թվում՝ իրավապահների կողմից։ Կան գործեր, որոնց շրջանակում նրա անունը շոշափվել է, և դրանց ուսումնասիրության ընթացքում նոր տեղեկություններ են ի հայտ եկել»,- հավելել է Կոնջորյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Հովիկ Աղազարյանին կուսակցությունից հեռացնելու պատճառներից մեկն էլ նրա կողմից հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումներն են։ Հայկ Կոնջորյանը նշեց, որ այդ հարցն էլ ուսումնասիրման ենթակա է, սակայն դրա մասին չի կարող խոսել գաղտնիության նկատառումներով։

Դեկտեմբերի 4-ին Աղազարյանին հրավիրել էին ՔՊ խմբակցության արտահերթ նիստին, որի օրակարգում ներառված էր Հովիկ Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ օրը կուսակցության վարչությունը Աղազարյանին կուսակցությունից հեռացնելու որոշում էր կայացրել։

«Առավոտյան նրան ծանուցել եմ նիստի մասին, ինքը տեղյակ էր և նիստերի դահլիճում հայտարարեց իր հեռանալու մասին»,- ասել է Կոնջորյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Աժ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»,

Փաշինյանը նոյեմբերի 22-ին Հանրային ՀԸ եթերում, խոսելով պաշտոնանկությունների մասին, հայտնել էր, որ մանդատները դնելու խնդրանքով դիմել է նաև ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին և հույս ունի, որ խնդրանքն անարձագանք չի մնա: Զեյնալյանը հետևել էր Փաշինյանի հորդորին։ Աղազարյանը հաջորդ օրը հայտարարեց, որ որոշում կայացրել է, բայց այն կհրապարակի նոյեմբերի 25-ին:

Հոկտեմբերի 15–ին վիճաբանություն սկսվեց, երբ Հովիկ Աղազարյանը դիտողություն արեց ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին, իսկ վերջինս պատգամավորին խնդրեց կոռուպցիայի դեմ պայքարի, հովանավորչության համատեքստում մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են Աղազարյանի որդու հետ կապված քրեական գործով։ Քյարամյանի արած հայտարարության վերաբերյալ ավել ուշ նախաձեռնվեց քրեական վարույթ, լուրեր էին շրջանառվում, որ Աղազարյանը շուտով վայր կդնի մանդատը։ Մի քանի օր անց Քյարամյանը, ի թիվս այլ պաշտոնյաների, ում վարչապետը խնդրել էր հրաժարական տալ, հայտարարեց իր հրաժարականի մասին: