Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում, անդրադառնալով պատգամավոր Հովիկ Աղազարյանին ՔՊ շարքերից հեռացնելու որոշմանը, հայտարարել է, որ «ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ կարմիր գծեր հատած պատգամավորին մանդատից զրկելու համար»։
«Եվ ոչ մի պահ չկասկածեք, որ բոլոր օրինական միջոցները կգործադրվեն այդ նպատակին հասնելու համար»,- ասել է Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, գրում է «Առավոտը»։
Խամոյանն ասել է․ «Հովիկ Աղազարյանը զազրելի բացահայտում արեց՝ պարզվում է, որ մարդու հեռախոսը նախ հայտնվել է քննիչի մոտ, հետո հայտնվել է Նիկոլ Փաշինյանի սեղանին։ Հետո բոլորով կուսակցության վարչության նիստում ենթադրում եմ նաեւ անձնական գաղտնիք պարունակող տեղեկությունները դրել քննարկել են։ Պարոն Փաշինյան, Հովիկ Աղազարյանի հեռախոսը միամիտ ո՞նց է հայտնվել ձեր սեղանին»։
Փաշինյանն պատասխանել է, որ Աղազարյանի հեռախոսն իր սեղանին չի հայտնվել։
«Պիտի հիասթափեցնեմ ձեզ, Հովիկ Աղազարյանի հեռախոսն իմ սեղանին չի հայտնվել եւ չէր էլ կարող հայտնվել։ Հովիկ Աղազարյանի հեռախոսը քրեական գործի շրջանակներում առգրավվել է անկախ մարմնի կողմից, և անկախ մարմինը բոլորովին ուրիշ գործով քննչական հանձնարարական է տվել մեկ այլ մարմնի, որն այնքան էլ անկախ չէ։ Եվ այդ քննչական հանձնարարականը կատարվելու ընթացքում հանդիպել է տեղեկությունների, որոնք իրենց մեջ պարունակում են պետական անվտանգության սպառնալիքներ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ։ Բնականաբար, այդ պարագայում այդ մարմինը պարտավոր էր իր գործառույթների շրջանակում կատարել աշխատանք, այդ թվում՝ հեռախոսի տիրոջ հետ և պարտավոր էր զեկուցել իր վերադասին, տվյալ դեպքում՝ Հայաստանի վարչապետին»,- ասել է Փաշինյանը։
Ավելի վաղ Աղազարյանը զարմանք էր հայտնել, թե ինչպես են իր անձնական նամակագրությունները հայտնվել վարչապետի մոտ։
«Իմ հեռախոսը, որն առգրավել են Արգիշտի Քյարամյանի հետ կապված գործի շրջանակում, քննիչի մոտ է գտնվել ավելի քան 10 օր։ Քննիչը ասել էր, որ իրենց հետաքրքրում են միայն ու միայն այն զանգերը, որոնք կապ ունեն պարոն Քյարամյանի հետ։Ես հայտնել էի, որ հեռախոսի մեջ կան անձնական տվյալներ, որոնք չեմ ցանկանա հրապարակվեն։ Ասացին՝ պարոն Աղազարյան, այս ինչե՞ր եք ասում, Դուք գիտեք, թե ո՞ր պետությունում եք ապրում։ Ես էլ հպարտ կեցվածք ընդունեցի՝ համոզված լինելով, որ չի հրապարակվի։ Բայց պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են և իմ հեռախոսից շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ»,- ընդգծել էր Աղազարյանը։