«Երևանի ավտոբուս» ՓԲԸ -ի ազատված վարորդները դեկտեմբերի 5–ից կարող են դիմում գրել. կքննարկվի նրանց աշխատանքի վերադարձի հարցը. Այդ մասին ասել է վարորդներից մեկը, հայտնում է Factor.am-ը։
Նրա խոսքով՝ քանի որ 32 վարորդ է հեռացրել աշխատանքից, կարիք կա նորից դիմում գրելու աշխատանքի ընդունվելու համար, որից հետո բոլոր դիմում գրողների աշխատանքը կվերանայվի։
Այն հարցին, թե արդյո՞ք բոլոր ազատված վարորդներին աշխատանքը վերականգնելու խոստում է տրվել, վարորդը չի պատասխանել։
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը նշել է, որ բոլոր դեպքերն առանձին պետք է քննարկեն և որոշում կայացնեն։
Դեկտեմբերի 3–ին վարորդները գործադուլ էին հայտարարել՝ ներկայացնելով իրենց պահանջները։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել էր, որ շանտաժի չեն տրվելու, կոմպրոմիսի չեն գնալու, իսկ կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության։ Մինչդեռ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները վստահեցնում են՝ իրենք որևէ մեկին շանտաժ չեն արել և չեն անում, ուղղակի ցանկանում են, որպեսզի իրենց տրված խոստումները կատարվեն:
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազին, որը վարույթ է ընդունվել։ Ավինյանը հայտարարել է, որ 32 վարորդ ազատվել է աշխատանքից։