AM
5 December 2024 - 06:56 AMT

ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ԵՄ հետ փոխգործակցության հարցերի շուրջ

Դեկտեմբերի 4-ին Մալթայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլիի հետ՝ նրանք մտքեր են փոխանակել ԵՄ հետ փոխգործակցության հարցերի շուրջ։ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Զրուցակիցները վերահաստատել են այս տարվա հունվարին երկու երկրների միջև հռչակված ռազմավարական գործընկերությամբ սահմանված ուղղություններով համատեղ ակտիվ աշխատանքի պատրաստակամությունը՝ միտված երկու հարևան երկրների ժողովուրդների բարեկեցության և տարածաշրջանում կայունության ապահովմանը:

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային հարցերի։ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները և ընդգծել Հայաստանի կողմից արտահայտված պատրաստակամությունն ավարտին հասցնել երկկողմ պայմանագրի համաձայնեցման և առանց արհեստական ձգձգումների ստորագրման աշխատանքները։

Հունվարի 27–ին Հայաստանի ե Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ե Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի ե Վրաստանի միջե տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության ե Վրաստանի միջե ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագիրը։