AM
5 December 2024 - 11:23 AMT

ԱԺ նախագահ․ ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են արտահոսք կազմակերպելու մեջ՝ հետաքննություն կլինի

Ազգային ժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը հաստատել է, որ կուսակցությունում կան մարդիկ, որոնք կասկածվում են տեղեկատվության արտահոսք կազմակերպելու մեջ։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

Նա հավելել է, որ լինելու է հետաքննություն, հայտնում է Արմենպրեսը։

«Լինելու է հետաքննություն։ Մենք վարչության որոշում ունենք, որ այն բոլոր մարդիկ, ովքեր կեղծանուններով, ծածկանուններով պետական գաղտնիք ներկայացնող նյութեր են արտահոսք տալիս և պատվերներ են անում, հեռացվելու են թե կուսակցությունից, թե՛ զբաղեցրած պաշտոնից»,- ասել է Սիմոնյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Աժ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»։

Աղազարյանն իր հերթին դեկտեմբերի 4-ին հայտնեց, որ դուրս է գալիս ՔՊ խմբակցությունից: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որոնք ենթակա չէին հրապարակման, արտահոսքեր է կազմակերպել։ Դա դարձել է նրան կուսակցությունից հեռացնելու հիմքերից մեկը։