AM
5 December 2024 - 11:33 AMT

Աղազարյան․ Եթե իմ նկատմամբ հաշվեհարդարից պետանվտանգությունը կբարձրանա, պատրաստ եմ լինել այդ զոհը

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է, որ երբեք չի ծանոթացել փաստաթղթի հետ, որը պետական գաղտնիք է պարունակում։

«Եթե իմ նկատմամբ հաշվեհարդար տեսնելով, պետական անվտանգությունը կբարձրանա, խաղաղության պայմանագիրն իմ ուզած ձևով կստորագրվի, ապա պատրաստ եմ այդ զոհը լինեմ։ Եթե խանգարում էի թիմին այդ հարցերը լուծելու համար, յուրաքանչյուրը հիմա հասկանում է, թե ինչ նկատի ունեմ, թող զոհը ես լինեմ»,-ասել է Աղազարյանը, գրում է «Նովոստի–Արմենիան»։

Պատգամավորի խոսքով՝ ցանկանում է, որպեսզի հրապարակվեն փաստարկները։

«Եթե չհրապարակեն, ես եմ հրապարակելու, ասելու եմ՝ որտեղ է այստեղ իմ հանցանքը։ Ես դիմացինիս նայել եմ որպես ագենտ և այդ ձև իր հետ խոսել եմ»,-նշել է նա։

Աղազարյանն ասել է, որ համաձայն է, որ 2 տղամարդ լրագրող գան և իր ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ նայեն իր նամակագրությունը։

Աղազարյանը հավելել է՝ չի ասում, որ նայեն նամակագրությունները, որտեղ իր վրա ճնշումներ են եղել, որ 2020 թվականի պատերազմից հետո դուրս գա թիմից, ինչպես նաև՝ դուրս գա վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։

«Ես չեմ ամաչում, թող պինդ նյարդերով կին լրագրող գա, որ հասկանա՝ ինչն ինչոց է, որ Աղազարյան Հովիկը հասկացել է, որ իրա դիմաց ագենտ է և մաման լացացրել ա»,-ասել է նա։

Խոսելով իր վիճակից՝ Աղազարյանը նշել է, որ ճնշված է։

«Ճնշված եմ, որ ընկերներս ինձ դրել են դժվար վիճակի մեջ, որ խուսափում են ինձ բարևելուց»,- ասել է նա։

Աժ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է դիտարկմանը, թե Աղազարյանն առաջարկում է հենց իրեն բացել ու կարդալ և նույնիսկ հնչեցնել ամբիոնից նամակագրությունը, քանի որ բարոյական նորմ խախտելը դրամատիկ են ներկայացնում, գրում է Aysor.am-ը։

«Ախր դուք չգիտեք, է, ինչի մասին է խոսքը։ Չեմ կարող ձեզ փոխանցել, կամաչեմ պատմել, նույնիսկ իրար հետ խոսալուց, դրա մասին չենք ուզում խոսել։ Ինչի՞ ա առաջարկում, թող ինքն անի։ Ես չեմ ուզում դրան ներկա լինել, մի անգամ եղել եմ, ինձ հերիքա։ Բոլոր մարդկանց անձնական կյանքն իրենց անձնական կյանքն է։ Ես հակառակ առաջարկով եմ հանդես գալիս, թող ինքը հրապարակի»,- ասել է նա։

Սիմոնյանը նշել է, որ խոսքն անձնական կյանքի մասին չէ։

«Լուրջ եմ ասում, փակեք այս թեման, անձնականի մասին չի խոսքը, ամեն մարդ ազատ է իր տանն իր կնոջ հետ, իր ընկերուհու հետ, ում հետ ուզում է, իրենց գործն է, ոչ մեկին չի վերաբերվի․ անձամբ ես ամենավերջին ձևերով կպայքարեմ դրա համար։ Չի կարա, մենք ազատ մարդիկ ենք, բայց տենց բաներն անընդունելի են, անքննելի են, էրեխեք մի ստիպեք ասեմ, նախ՝ ամաչում եմ, հետո՝ չեմ ասի»,–ասել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Աժ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»։