Հալեպահայերի առաջին խմբի ժամանումը ՀՀ սպասվում է դեկտեմբերի 14-ին։ Այդ մասին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը հայտարարել է «Իրավիճակը Հալեպում. հայ համայնքի ճակատագիրը. անվտանգության մտահոգություններ և մարդասիրական կարիքներ» թեմայով քննարկման ժամանակ։
Նա հավելել է, որ Հալեպում դեռևս մնում է 10-12 հազար հայ, որոնց տարհանումը հնարավոր կլինի կազմակերպել պատեհ հնարավորության առաջացման դեպքում, հայտնում է Արմենպրեսը։
Ամփոփելով նոյեմբերի 30-ին Սիրիայի հակակառավարական ուժերի վերահսկողության ներքո անցնելուց հետո Հալեպում ներկայում տիրող իրավիճակը՝ բանախոսը հայտնել է, որ սրացմանը հաջորդած 1-2 օրերին որոշ հայ ընտանիքներ կարողացել են երկրորդական ճանապարհներով դուրս գալ քաղաքից։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կապ է պահպանում այդ ընտանիքների հետ, որոնց մի մասը հաստատվել է մայրաքաղաք Դամասկոսում, մյուսները՝ Լաթաքիայում և Քեսաբում։
«Մեր տվյալներով՝ այս պահին Հալեպում կա մոտ 10-12 հազար հայ, որոնք հիմնականում տեղաբաշխված են երեք շրջաններում՝ Նոր Գյուղ, Ազիզիե և Սուլեյմանիե։ Հայեր կան նաև այլ թաղամասերում»,- նշել է Ալեքսանյանը։
Նրա հաղորդմամբ՝ որոշակի ընդմիջումից հետո դեկտեմբերի 3-ին Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների առաջին խոշոր հանրային հանդիպումը։ Բերիո թեմը՝ Կիլիկիո հայոց կաթողիկոսության ֆինանսական միջնորդությամբ, միջոցներ է հատկացնում քաղաքի կարիքավոր ընտանիքներին։ Մյուս հաստատությունները նույնպես աստիճանաբար ծավալում են բարեգործական աշխատանքներ։ Հալեպում հացի և ջրի պաշարների սղությամբ պայմանավորված՝ գրանցվել է գների որոշակի թանկացում։
Ալեքսանյանը նշել է նաև, որ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչությունը կապ է պահպանում տեղի համայնքային հաստատությունների և Սիրիայում ՀՀ դեսպանատան հետ։ Վերջինս և ՀՀ ԱԳՆ-ն թեժ գիծ են գործարկել հայրենակիցների համար։ Բոլոր կառույցները հետևում են իրադարձությունների զարգացմանը՝ պատրաստ լինելով ցանկացած պահի օգնության հասնել հալեպահայերին։
«Այս պահին հնարավոր չէ տարհանում կազմակերպել և օժանդակություն հասցնել։ Եթե հնարավորություն լինի և պայմանները ներեն, կարելի է դա դիտարկել, բայց այս պահին այդպիսի հնարավորություն չկա։ Հալեպի օդանավակայանը և արդյունաբերական գոտին հիմա վերահսկում են իսլամիստական խմբավորումները։ Մեծ թվով մարդկանց անվտանգ տարհանելու երաշխիք չկա»,- հայտնեել է Հովհաննես Ալեքսանյանը։
Նա տեղեկացրել է, որ դեկտեմբերի 14-ին նախատեսված է Դամասկոս-Երևան չվերթ և վտանգից մազապուրծ եղած սիրիահայերի առաջին խումբը կհասնի Հայաստան։
«Պատրաստ ենք ցանկացած ժամի ընդունել մեր հայրենակիցներին և զբաղվել նրանց խնդիրներով։ Նախորդ տարիներից պահպանել ենք սիրիահայերի առողջապահական անվճար պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակում պատրաստ ենք դիտարկել մեր հայրենակիցների կարիքները։ Նաև կոչ ենք անում մեր գործընկեր կազմակերպություններին իրականացնել համատեղ ծրագրեր»,- ընդգծել է վարչության պետը։
Սիրիայի մեծությամբ երկրորդ և ամենահայաշատ քաղաքը իսլամիստ ապստամբների վերահսկողության ներքո է անցել նոյեմբերի 30-ին։ Սիրիայում Հայաստանի դեսպանությունը նշել է, որ անվտանգ տարհանման հնարավորությունն այս պահին բացակայում է։ ՀՀ ԱԳ նախարարությունը ուշադրությամբ հետևում է զարգացումներին և հնարավորության դեպքում կդիտարկվեն բոլոր տարբերակները։