AM
5 December 2024 - 14:30 AMT

25,000 տեղահանված արցախցի գրանցված աշխատանք ունի

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստում, որը վարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, 2 հարց է քննարկվել։

Զեկուցվող առաջին հարցը վերաբերում էր զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրերին։ Հարցը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։ Նա տեղեկացրել է, որ այս պահին, ըստ ՊԵԿ-ի փոխանցած տվյալների, 25,000 տեղահանված գրանցված աշխատանք ունի։

«ՄՍԾ-ի միջոցով այս պահին աշխատանքի ապահովման երկու ձև է գործում՝ ուղիղ գործատուի միջոցով և աշխատանքային պրակտիկայի, ուսուցման տեսքով»,- նշել է ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալը։

Երկրորդ հարցը վերաբերել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացիկ իրավիճակին, որը զեկուցել է Աննա Ժամակոչյանը։

Նա նշել է, որ այս պահին մի քանի ուղղություններով փորձում են լավարկել ծրագիրը։ Դրանք վերաբերում են ձեռք բերվող, կառուցվող բնակելի տարածքների մակերեսներին, տուն կառուցելու համար ձեռք բերվող հողատարածքի գումարի շեմի բարձրացմանը, հողամասի նվազագույն մակերեսի սահմանմանը: Երկրորդ փուլի շահառուներին ևս հնարավորություն կընձեռնվի դիմել ծրագրին, եթե վճարունակ ճանաչվեն։

Խորհրդի նիստին մասկացել է նաև ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նորանշանակ պետ Նելլի Դավթյանը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։