AM
7 December 2024 - 07:05 AMT

ՀՀ և Կանադայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Դեկտեմբերի 6-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կանադայի արտաքին գերատեսչությունների միջև: Խորհրդակցություններում հայկական կողմը ներկայացնում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, կանադականը՝ ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց, Ֆրանսիայում և Մոնակոյում Կանադայի դեսպան Ստեֆան Դիոնը:

Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում զարգացման դրական դինամիկայի վերաբերյալ՝ ընդգծելով Հայաստանի և Կանադայի միջև ձևավորված քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային և անվտանգությանը վերաբերող հարցերին: Կողմերը նաև քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում Հայաստան-Կանադա երկկողմ համագործակցության ընդլայնման կարևորությունը:

Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել Կանադայի դիրքորոշումը՝ ի պաշտպանություն ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը, ինչպես նաև Կանադայի դերը Հայաստանում ընթացող բարեփոխումներին:

Պարույր Հովհաննիսյանը նաև անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին, ինչպես նաև ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Դեկտեմբերի 6–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միությունում, Եվրոպայում և Հայաստանում Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին: Զրուցակիցները քննարկել են տարբեր ուղղություններով համատեղ նախագծերի իրականացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ վերջին զարգացումներին: Վարչապետ Փաշինյանն այս համատեքստում անդրադարձել է տարբեր հարցերի շուրջ հայկական կողմի դիրքորոշումներին: Ստեֆան Դիոնը շեշտել է, որ Կանադան իր աջակցությունն է հայտնում խաղաղությանն ուղղված ՀՀ Կառավարության ջանքերին: