Բագրատ սրբազանը, անդրադառնալով Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին ուղղված հանդիպման հրավերին՝ սահմաններում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու համար, ասել է, որ չէր էլ սպասում արձագանքի։ Նա այդ մասին ասել է ուղիղ եթերում։
«Բնականաբար, մենք չենք էլ սպասում, որ կարող էր արձագանքել, բայց սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ մեր Զինված ուժերը մեծ իմաստով այլևս վերածել են արհեստի, ես նկատի չունեմ առանձին նվիրյալներին, նկատի ունեմ որպես համակարգ։ Այլևս ամեն ինչ մեր կյանքում վերածվել է արհեստի»,- ասել է նա, հայտնում է «Առավոտը»։
Նա նշել է, որ պայքարը շարունակվելու է՝ լինի մեծ, թե փոքր ընթացքով։
«Եվ դա մեկ նպատակ ունի՝ ազատագրել մեր երկիրն այս չարքից, վերականգնել մեր պատիվը։ Եվ ամեն հավատացող ու նվիրված մարդ այս ճամփի ու մտքի մեջ պետք է լինի»,- հավելել է նա։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ՝ Բագրատ սրբազանն ասել է, որ պարտված մարդը չի կարող խոսել ազգ-նահատակ լինելու մասին։
«Սա շատ պարզ երևույթ է, և ես չեմ էլ ուզում խորացնել, որովհետև համարում եմ, որ պարտված մարդը չի կարող խոսել ազգ-նահատակ լինելու մասին, այլ պարզապես փորձում է իր պարտված լինելը տարածել ամբողջ ժողովրդի վրա և մեզ բոլորիս պահել այդ պարտության, անհարգանքի, հոգեբանական ճնշումների ներքո, որպեսզի մենք որևէ այլ բանի ընդունակ չլինենք, մնանք այդ ճիրանների մեջ, չապաքինվենք որևէ ձևով։ Իրենք այլ ծրագրեր ունեն իրականացնելու՝ դա ուղղակիորեն մեր պետության կազմաքանդումն ու չգոյության գաղափարն է»,- ասել է նա։
Բագրատ սրբազանը նշել է, որ նահատակությունը միայն մեռնելու մասին չէ, նաև ապրելու մասին է։
«Դա հաղթանակող ազգի կոնցեպտ է, հաղթանակող անհատի մասին է, նահատակությունը հաղթանակի մասին է և ոչ թե պարտության։ Եվ այդ մասին նաև Սուրբ Ներսես Շնորհալին է խոսել՝ փառավորելով նահատակության մեծությունն ու գաղափարը։ Եվ, այո, այդ հայեցակարգով, գաղափարով շատ ազգեր են ապրել, գործել և հաղթանակած դուրս եկել բոլոր իրավիճակներից, անհուսալի թվացող իրավիճակներից։ Եվ նահատակությունը միայն մեռնելու մասին չէ, նաև ապրելու մասին է, կրթության մասին է, գիտելիք ձեռք բերելու մասին է, պարզ հարաբերությունների մասին է, երբ դու զոհաբերում ես ինչ-որ բան՝ նվաճելու ինչ-որ բան»,–ասել է նա։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ աշխարհը մեզ ընկալում է, որպես «ազգ-նահատակ», որի հաղթահարման լավագույն բանաձևը երկար ժամանակ «ազգ-բանակն է» եղել։
«Իմ մտորումները բերում են այն համոզման որ «ազգ-բանակը» «ազգ-նահատակի» տրամաբանության և շարունակության մեջ է։ Պետք է այդ ամենին պատասխանել պետականության բանաձևով»,- ասել է վարչապետը։