AM
9 December 2024 - 14:07 AMT

Վարդանյանը՝ Սիրունյանի մասին․ Ցանկացած ընտրություն կատարվում է թեկնածուին լսելուց հետո

ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով Ալեքսանդր Սիրունյանին ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրելուն, Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ցանկացած ընտրություն կատարում է թեկնածուին լսելուց հետո։

Նրա խոսքով` թեկնածուն պետք է ելույթ ունենա պատգամավորների առաջ, նրանցից ստանա անհրաժեշտ ձայները, նոր անցնի իր աշխատանքին, հայտնում է Factor.am-ը։

Անդրադառնալով հարցին, որ Սիրունյանը ՔՊ անդամ է, այդ դեպքում ինչպե՞ս է ապահովելու դատական իշխանության անկախությունը՝ պատգամավորը պատասխանել է, որ կուսակցական լինելը դեռևս խոչընդոտ չէ։

«Արևմտյան շատ երկրներում դատական իշխանության ներկայացուցիչները կարող են ոչ ակտիվ, սակայն լինել կուսակցական։ Կուսակցական լինելը դեռևս խոչընդոտ չէ։ Այն խոչընդոտ է կոմունիստական ամբողջատիրական երկրներում։ Մենք ամեն ինչ ի գիտություն ենք ընդունում»,–ասել է նա։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին։ Սիրունյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ: