AM
9 December 2024 - 14:59 AMT

Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Երբեք իրական աջակցություն չենք ստացել

Ֆինլանդիա այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը տեղական Lännen Media լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ՀԱՊԿ–ի հետ ՀՀ հարաբերություններին, ասել է, որ վերջին տարիներին, երբ խախտվել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները, Հայաստանը երբեք իրական աջակցություն չի ստացել:

Նա նշել է, որ այդպիսի պարտավորություններ ունեցող դաշնակիցները պետք է օգնեն միմյանց, ռազմական դաշինքի իմաստը հենց դա է։

«Ֆորմալ առումով, մենք դեռևս ՀԱՊԿ-ի մաս ենք կազմում, բայց հայտարարել ենք, որ սառեցրել ենք մեր մասնակցությունը կազմակերպության գործունեությանը: Տասնամյակներ շարունակ մտածել եք, որ ռազմական առումով պետք է լինենք այս ռազմական դաշինքում, քանի որ ունեցել ենք ընդհանուր սպառնալիքներ, որոշ մտահոգություններ՝ կապված Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և անկախության դեմ հնարավոր ագրեսիայի հետ: Մենք կարծում էինք, որ այս կազմակերպությունը կօգնի մեզ պաշտպանել մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Ցավոք, վերջին տարիներին մենք ականատես ենք եղել մի քանի հարձակումների և խախտվել են մեր միջազգայնորեն ճանաչված սահմանները: Երբ դա տեղի է ունեցել, մենք երբեք իրական աջակցություն չենք ստացել: Այդպիսի պարտավորություններ ունեցող դաշնակիցները պետք է օգնեն միմյանց, ռազմական դաշինքի իմաստը հենց դա է։

Այս անտարբեր վերաբերմունքը հանգեցրեց հսկայական հիասթափության: Դա, հիրավի, փոխեց Հայաստանում հասարակական կարծիքը: Դա յուրահատուկ վիճակ է ստեղծել: Մենք գտնվում ենք մի մեծ գործընթացի մեջ: Թե ուր կտանի մեզ այս գործընթացը, չեմ կարող կանխատեսել, բայց կարող եմ ասել, որ մենք խորացնում ենք մեր հարաբերությունները եվրոպացի գործընկերների հետ տարբեր ոլորտներում: Խոսքը գնում է տնտեսության, տնտեսական դիմակայունության, ինչպես նաև քաղաքական երկխոսության և փոխըմբռնման մասին: Կա ԵՄ ներգրավվածություն անվտանգության հարցերում, Հայաստանի անվտանգության միջավայրում: Մենք ԵՄ-ի հետ ունենք քաղաքական և անվտանգության երկխոսության ձևաչափ: Հայաստանում տեղակայված է ԵՄ առաքելությունը, որը մշտադիտարկում է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս զարգացումները մի քանի տարի առաջ անհնար էր պատկերացնել»,–ասել է Միրզոյանը։

Նախարարը պատասխանել է նաև այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք Հայաստանը ենթարկվել ճնշման՝ մասնակցելու Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայի դեմ:

«Անկեղծ ասած, մեզ երբեք չեն առաջարկել, չեն ճնշել և չեն ակնկալել որևէ ձևով մասնակցել Ուկրաինայում պատերազմին: Նման փորձ չի եղել»,–ասել է Միրզոյանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նա նշել էր, որ ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները, ինչն առանց հետևանքների չէր կարող մնալ։ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, հրաժարվել է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին։ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ–ին անդամության հարցում, հավանաբար, անցել ենք անդառնալիության կետը: