AM
11 December 2024 - 09:34 AMT

ԱԳ նախկին նախարար․ ՀԱՊԿ-ը պետք է հարմարվի իրողություններին՝ երկրները յուրովի են մեկնաբանում անվտանգության սպառնալիքների մակարդակը

ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը հայտարարել է, որ համաշխարհային կարգի փլուզման պայմաններում միջպետական հարաբերությունների որոշիչ գործոն է դարձել ուժային քաղաքականությունը, և ՀԱՊԿ-ը պետք է ադապտացվի ներկա իրավիճակին: Նա այդ մասին ասել է «ՀՀ-ն և ՌԴ-ն՝ տարածաշրջանային և գլոբալ վերաձևավորման պայմաններում. դասեր և ռազմավարական ընտրություն» թեմայով դիվանագետների խորհրդի և Մոսկվայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի (ՄԳԻՄՈ) գիտաժողովի ժամանակ:

Ըստ նրա, ՀԱՊԿ-ը պետք է հարմարվի իրողություններին, քանի որ երկրները յուրովի են մեկնաբանում անվտանգության սպառնալիքների մակարդակը, հայտնում է Sputnik Արմենիան։

«ՀԱՊԿ-ը կարիք ունի հարմարվելու ներկա իրողություններին։ Հավաքական անվտանգության բուն սկզբունքը չի կարող օպերատիվ և արդյունավետ կերպով համահարթեցնել ժամանակակից մարտահրավերները, քանի որ երկրները յուրովի են մեկնաբանում անվտանգության սպառնալիքների մակարդակը և համապատասխան որոշումներ կայացնում»,- նշել է Այվազյանը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունները՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմը, հազարավոր արցախցիների բռնագաղթը, էթնիկ զտումները, ինչպես նաև հենց Հայաստանի դեմ սկսված պատերազմը, հետզհետե մեր երկու երկրները հեռացրել են իրարից:

Դիվանագետի պնդմամբ՝ պետք է ամբողջ ուշադրությունը սևեռել անվտանգության քաղաքականության վրա և նպաստել, որպեսզի էքզիստենցիալ սպառնալիքները չեզոքացվեն:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նա նշել էր, որ ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները, ինչն առանց հետևանքների չէր կարող մնալ։ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, հրաժարվել է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին։ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ–ին անդամության հարցում, հավանաբար, անցել ենք անդառնալիության կետը: