ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը Factor TV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ որոշում է կայացրել մեկ ամսով կասեցնել ՔՊ-ում իր գործունեությունը։ Նա դիմել է խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանին, որպեսզի խմբակցության անդամներից ձևավորի պատգամավորական խումբ, որի առջև խմբակցությունից դուրս եկած Հովիկ Աղազարյանը կտա պարզաբանումներ։
«Եթե խմբի անդամներին չհաջողվի համոզել ինձ՝ փոխել իմ մոտ ձևավորված կարծիքը, ապա իմ հետագա համագործակցությունը ՔՊ խմբակցության հետ դառնում է անհնարին, և հարցականի տակ է դրվում»,- հայտարարել է պատգամավորը, հայտնում է Factor.am-ը։
Նա ասել է, որ մեկ ամիս շարունակ չի մասնակցի ոչ խմբակցության նիստերին, ոչ էլ կուսակցական հավաքներին, մանդատը, սակայն, վայր չի դնի։ Եթե իր առաջադրած պայմանը չկատարվի, ամենայն հավանականությամբ, ՔՊ խմբակցությունից դուրս գալու որոշում կկայացնի, բայցև կշարունակի մնալ ՔՊ կուսակցության շարքերում, քանի դեռ իրեն չեն հեռացրել։
Պատգամավորն ընթերցել է հայտարարությունը, որտեղ պատմել է նաև օրերս կայացած մի հանդիպման մասին։ Նա տեղեկացրել է, որ բառացիորեն օրեր առաջ՝ դեկտեմբերի 7–ին, տեղի է ունեցել մի հանդիպում՝ ՔՊ թիմի բարձրաստիճան պաշտոնյայի, իրավական համակարգի ներկայացուցչի, Հովիկ Աղազարյանի, նրա երեք որդիների և իր մասնակցությամբ։
«Հովիկ Աղազարյանը բոլորիս ներկայությամբ հայտարարել է, որ իր որդիներին հնարավորություն տան ծանոթանալ այն նյութերին, որոնք ներկայացվել են խմբակցությանը, և եթե ինքը չկարողանա բավարար բացատրություն տալ, ապա վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը։ Դա տեղի չունեցավ։ Աղազարյանի որդիներից մեկը ասաց, որ իրենք, ըստ էության, ծանոթ են հեռախոսի պարունակությանը, և որևէ հիմք չունեն դիմելու իրենց հորը՝ ԱԺ պատագամավորի մանդատից հրաժարվելու խնդրանքով»,- պատմել է պատգամավորը։
Ասլանյանն ասել է նաև, որ ինքը ստիպված է եղել ծանոթանալ Հովիկ Աղազարյանին առնչվող նամակագրությունների տեղեկատվությանը, որպեսզի ամրապնդի իր ներքին համոզմունքը։
«Սիրելի՛ հայրենակիցներ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այնտեղ չգտա որևէ բան, որի համար ես կամաչեի իմ ընկերոջ փոխարեն»,–ասել է նա։
Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության արտահոսքի կազմակերպման վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատգամավոր Հովիկ Աղազարյանին հեռացրել է կուսակցությունից: Աղազարյանն իր հերթին դեկտեմբերի 4-ին հայտնել է, որ դուրս է գալիս ՔՊ խմբակցությունից: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել էր, որ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որոնք ենթակա չէին հրապարակման, արտահոսքեր է կազմակերպել։ Դա դարձել է նրան կուսակցությունից հեռացնելու հիմքերից մեկը: Նրան հեռացնելու հիմք են ծառայել նաև «հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումները»։։