Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում կրկին խոսել է այն մասին, որ պետական բյուջեն ընտանեկան բյուջե է, մինչդեռ շատերի համար պետբյուջե վճարում անելը գումարը ոնց որ թշնամուն, հակառակորդին տալու պես մի բան է։
Ըստ նրա՝ մեր մենթալիտետի մեջ ամրացված է, որ պետությունը մեր հակառակորդն է։
«Ովքե՞ր են մտցրել այդ գիտակցությունը։ Նրանք, ովքեր կարծում են, որ մենք չպետք է ունենանք պետություն։ Ամեն ինչ արված է` պետություն չլինի, գուբերնիա՝ խնդրեմ, ֆորպո՞ստ՝ խնդրեմ։ Մեր ամենօրյա բառապաշարի մեջ, սկսած մեր ռեստորանների, բարերի, փողոցների անուններ դնելուց, մեր բուհական կրթությունից, ամեն ինչ արված է նրա համար, որ պետություն չլինի»,–ասել է վարչապետը։
Նա պնդել է, թե որքան ընտանեկան բյուջեն է արդյունավետ կառավարվում, նույնքան ճշգրիտ կառավարությունն է անում։
«Հյուր եք հրավիել, հարսանիք ու ծնունդ եք անում, եկեք տեսնենք, թե ինչքան արդյունավետ եք ծախսում։ Հարսանիք անելիս, ընկերոջը հյուր հրավիրելիս ինչքան դուք եք արդյունավետ ծախսում, այդքան ճշգրիտ կառավարությունն է անում»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ամեն հյուր հրավիրելիս մեծ քանակի սնունդ է թափվում։