Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում դժգոհել է, որ կառավարական կեցավայրի տները երբեք չեն տաքանում, թեև բյուջեով ջեռուցման համար նախատեսված գազը վառվում է։ Նա այդ մասին խոսել է անարդյունավետ ծախսերի համատեքստում։
Նա խոստովանել է, որ ստիպված տաքացուցիչ են միացնում։
«Ձմեռը գալիս է, կառավարական կեցավայրի տներում ապրողները սառչում են։ Քիչ է մնում՝ Իջևանից փայտի վառարան ուզենք, խողովակն էլ պատուհանից հանենք։ Սա չէ խնդիրը` ջեռուցման համար բյուջեով նախատեսված գազը, միևնույն է, վառվում է, բայց տունը չի տաքանում։ Եվ ո՞վ է վճարում՝ պետբյուջեն։ Անկեղծ ասած՝ անձնական բյուջեն չի էլ կարող վճարել այդ մեծ տարածքները տաքացնելու համար։ Եղավ անարդյունավետ»,– ասել է նա։
Անդրադառնալով կառավարության աշխատասենյակներին և սրահներին՝ Փաշինյանը նշել է, այն սրահներում, որտեղ օրերով մարդ չի մտնում, հսկա ջահերը մշտապես միացած են։
«էլեկտրաէներգիա միացնող–անջատողն ասում է` պետական փողով են աշխատում, հո չեն գալու ասեն` ինչի՞ ես անիմաստ միացրել։ Եկեք տեսնենք, թե այդ ջահերը որքան անիմաստ գումար են տարել պետական բյուջեից, կարող է սարսափելի մեծ թիվ լինել»,– ասել է վարչապետը։