Հայաստանի վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, անդրադառնալով դեկտեմբերի 14-ին Աշտարակում կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ քաղաքական ժողովին, ասել է, որ կուսակցության հետագա զարգացման առումով 2 շատ կարևոր բան է որոշվել։
Նա նշել է, որ կուսակցությունը պետք է հանրության ավելի լայն շերտեր ներգրավի։
«Առաջինը, որ կուսակցությունը ինքն իր համար պետք է սահմանի բարեվարքության ավելի բարձր ստանդարտներ, որոնք կհաստատվեն կուսակցության 7-րդ հերթական համաժողովում։ Հաջորդը, որ առաջիկայում և հետագայում կուսակցությունը չպետք է զարգանա որպես պետական պաշտոնյաների կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների կուսակցություն, այլ պետք է հանրության ավելի լայն շերտեր ներգրավի միջին խավից և մնացած բոլոր մարդկանցից, որոնք չեն հանդիսանում պետական համակարգի աշխատող»,–ասել է վարչապետը։
Նա հորդորել է պետական համակարգում չաշխատող և ՔՊ կուսակցության տեսակետները՝ հիմնված «Իրական Հայաստանի» հայեցակարգի վրա, կիսող մարդկանց առաջիկայում ավելի ակտիվ լինել և կուսակցության տարածքային կառույցներում լրացնել կուսակցությանն անդամագրվելու դիմումներ»։