Քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ընդունել է, որ Երևանում ավտոբուսների ժամանման հաճախականությունը վատացել է։
Նա նշել է, որ կան թաղամասեր, որտեղ իրավիճակն իրապես վատթարացել է, հայտնում է Sputnik Արմենիան։
«Մարդկանց կողմից բարձրաձայնվող հիմնական խնդիրը մնում է ավտոբուսների հաճախականությունը։ Կան գծեր, որտեղ մենք պարբերաբար գերծանրաբեռնվածություն ենք ունենում։ Մասնավորապես ունենք թաղամասեր, որ իրավիճակն իրապես վատացել է, օրինակ` Նորագավիթում: Պետք է նախ լուծենք այդ ծայրահեղ ծանր գծերի հարցերը»,– ասել է Ավինյանը։
Նա ընդգծել է, որ 171 ավտոբուսի հետ կապված ծրագիրը կա, բայց զուգահեռ էլ մասնավոր մոտ 100 ավտոբուսի փոխարինման խնդիրն է առկա, քանի որ դրանք արդեն շարքից դուրս են եկել։ Երևանի քաղաքապետը նշել է, որ որոշ գծերում փոխարինվելու են HIGER մակնիշի ավտոբուսները։
Ավինյանը նաև ասել է, որ Երևանում դիսպետչերական կետերը կվերանան։
«Ավանդույթային, հին դիսպետչերական կետերն ուղղակի պետք է վերանան, որովհետև դրանք այլևս չեն ծառայում իրենց նպատակին։ Մեր ավտոբուսների վրա դրված է GPS համակարգ, պետք է դրանց վրա հենվել և ամբողջական ինֆորմացիան հավաքված լինի մեկ սենյակում, մեկ կենտրոնում։ Հենց այնտեղից էլ կիրականացվի վերահսկողությունը»,– նշել է Ավինյանը։
2025թ–ի հունվարի 1-ից Երևանի հանրային տրանսպորտի համար կներդրվի ուղևորափոխադրումների սակագների նոր փաթեթը։
Մայրաքաղաքի տրանսպորտից անվճար կօգտվեն մինչև 7 տարեկանները, ծնողազուրկ դպրոցականները և ուսանողները, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, մանկատներում կամ ծերանոցներում գտնվող անձինք, նախկին ԽՍՀՄ, Սոցիալիստական աշխատանքի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և Փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրվածները և բազմազավակ ընտանիքների ծնողները: Զեղչեր կգործեն նաև թոշակառուների, դպրոցականների, ուսանողների և նպաստառուների համար։