AM
16 December 2024 - 11:57 AMT

Երևանում մեկնարկած Հայ-ռուսական առողջապահական համաժողովը նվիրված է մոր և մանկան առողջությանը

Երևանում մեկնարկել է Հայ-ռուսական առողջապահական 9-րդ համաժողովը, որն այս տարի առանցքային է, քանի որ նվիրված է մոր և մանկան առողջության պահպանման զգայուն ոլորտի խնդիրներին։ Համաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի գլխավորած պատվիրակությունը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը բացմանը նշել է, որ համատեղ առողջապահական համաժողովների անցկացումը դարձել է լավ ավանդույթ և արժեքավոր հարթակ` հանրային առողջության, մասնագիտական համագործակցության ոլորտում փորձի, գիտելիքների փոխանակման և համատեղ լուծումներ գտնելու համար։

«Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտը ցանկացած պետության համար առաջնային է, քանի որ այն հասարակության կայուն զարգացման հիմքն է և դրա պահպանումը երաշխավորում է բոլորիս բարեկեցությունը»,- ասել է նա։

Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ համաժողովի մեկնարկը հատկանշվել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ առողջապահական տարբեր ուղղությունների մասին խորը և հագեցած երկխոսությամբ` տնտեսության մեջ առողջապահության դերի ձևափոխման, թվայնացման, նորարական տեխնոլոգիաների կիրառման թեմայով։

«Ամենամյա համաժողովը մեզ համար ոչ միայն փորձի փոխանակման հարթակ է, այլև հնարավորություն` փոփոխելու ոլորտի զարգացման վեկտորը. դրա մասին են վկայում ուռուցքաբանության և մի շարք այլ ոլորտում ծավալվող համագործակցությունը»,- նշել է Միխայիլ Մուրաշկոն։