ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրություններ է ուղարկել միջազգային գործընկերներին և մի շարք միջազգային կազմակերպությունների` պատգամավորՀովիկ Աղազարյանի մասով: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Որպես Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչ, իմ պարտքն եմ համարում անդրադառնալ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ կատարվածին:
Ունենալով մարդկային, գաղափարական և քաղաքական ծայրահեղ հակասություններ նույն պատգամավորի հետ, այնուամենայնիվ, համարում եմ, որ մարդու անձնական հեռախոսազրույցները, նամակագրություններն առանձնացնելը և քաղաքական թիմի անդամներին դրանց հետ ծանոթանալու հնարավորություն ընձեռնելը, անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից, խիստ խնդրահարույց է և անընդունելի:
Այդ արտահոսքը խախտում է ազգային օրենսդրությունը և միջազգային իրավունքի մի շարք նորմեր.
1.Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր – 1948
2.Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր – 1966
3.Եվրոպական կոնվենցիա մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին – 1950
4.Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ (GDPR) (2016/679) – 2016
ՀՀ Սահմանադրության 33 և 34-րդ հոդվածները հստակ սահմանում են, որ յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք»,–ասվում է գրառման մեջ։
Դեկտեմբերի 3-ին իշխող ՔՊ-ն Աղազարյանին կուսակցությունից հեռացրել է հենց այն հիմնավորմամբ, որ նա պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվություն է հանրայնացրել, ինչպես նաև թույլ է տվել հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումներ։
ՀՀ դատախազությունից դեկտեմբերի 9-ին հայտնել էին, որ Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու հրապարակումը դատախազությունն ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ հարուցելու հարցը որոշելու համար։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քրեական վարույթ է նախաձեռնվել։