«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը, մեկնաբանելով իշխանությունների հայտարարությունները, թե ունենք հայ-ադրբեջանական սահմանի 13 կիլոմետրանոց սահմանազատված հատված, հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին վերաբերող հարցերում ՀՀ իշխանությունները ոչ պետականամետ դիրքորոշումներ են հայտնում՝ դրանով ջուր լցնելով ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին։
Ազգային ժողովում իր ելույթներից մեկում էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանազատման արդյունքում ստանում ենք պետական սահման։
Նրա խոսքով, մեր իշխանությունները ՀՀ–ի դեմ սուտ մատնություն են անում, հայտնում է Sputnik Արմենիան։
«ՀՀ-ն ունի սահման, և այդ սահմանի պահպանության համար բարձրաձայնել, դիմել ենք ՀԱՊԿ-ին և պահանջել ենք պաշտպանություն։ Ամբողջ հակաՀԱՊԿական նարատիվը կառուցված է եղել նրա վրա, որ ՀԱՊԿ-ն իր պարտականությունները չի կատարել։ Որից հետո, երբ կանգնում, ասում են՝ ունենք 13-կիլոմետրանոց սահման, դրանով և՛ ադրբեջանական թեզն են առաջ տանում, թե կա հայ-ադրբեջանական պայմանական սահման, և՛ հիմնավորում են այն հայտարարությունները, որ ՀԱՊԿ-ից կային»,- նշել է Մարուքյանը՝ շեշտելով, որ հենց այստեղ է ՀՀ իշխանությունների և նման հայտարարությունների անողների սուտ մատնությունը ՀՀ-ի դեմ։
Միաժամանակ Մարուքյանը հիշեցրել է, որ 2022թ․ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո Հայաստան է եկել ՀԱՊԿ փաստահավաք խումբ, որն արձանագրել է՝ տեղի է ունեցել ներխուժում, որը քաղաքական մակարդակում դարձել էր դիտորդներ ուղարկելու առաջարկություն՝ առանց դատապարտելու և այլն։
«Հայկական կողմն էլ պնդել էր՝ պետք է դատապարտենք, եթե չէ, համաձայն չենք։ Էդքանից հետո ո՞նց են կանգնում ու ասում՝ ունենք 13-կիլոմետրանոց սահման,–ասել է Մարուքյանը։ ։
Ըստ նրա` երկրորդ սուտ մատնությունն էլ այն է, որ արտագաղթում ենք, որովհետև ունենք միջավայրի հանդեպ կոնֆլիկտայնություն։ Բայց միջավայրը, մասնավորապես՝ Թուրքիան և Ադրբեջանն ունեն մեր հանդեպ կոնֆլիկտայնություն։
«Բայց այսպես մենք խոսակցությունը փոխում ենք, դառնում ենք մեղադրյալ, ինքներս մեզ ամբաստանում ենք»,- նշել է Մարուքյանը։
Նա շեշտել է, որ նման հայտարարությունները չեն կարող անհետևանք անցնել։ Դա բերելու է նրան, որ կհիմնավորենք Ադրբեջանի անհիմն թեզերը, թե մենք ագրեսոր, օկուպանտ երկիր ենք։
Մարուքյանը հավելել է, որ մեզ հիմա պետք են ՀՀ պետական շահերը պաշտպանող իշխանություններ, որովհետև ներկա իշխանությունները դա բացարձակ չեն անում։