«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանն ասել է, որ Աղազարյանին մտադիր են զրկել անձեռնմխելիությունից։
Ըստ նրա՝ գլխավոր դատախազը հունվարի 20-ին կգնա ԱԺ ու կառաջարկի զրկել պատգամավորին անձեռնմխելիությունից, որից հետո նրան կամ կկալանավորեն, կամ կենթարկեն տնային կալանքի, հայտնում է 24News-ը։
Փաստաբանը վստահ է, որ ամբողջ քրգործը կառուցվել է վարչապետի հանձնարարության հիման վրա։
Մինչդեռ Գլխավոր դատախազությունից, ի պատասխան հարցի, թե արդյո՞ք գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պատրաստվում է գնալ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով ԱԺ, կամ Դատախազությունում նման հարց քննարկվում է, ասել են՝ «այս պահին նման հարց չի քննարկվում», հայտնում է Panorama.am-ը։
Դեկտեմբերի 3-ին իշխող ՔՊ-ն Աղազարյանին կուսակցությունից հեռացրել է հենց այն հիմնավորմամբ, որ նա պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվություն է հանրայնացրել, ինչպես նաև թույլ է տվել հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումներ։
ՀՀ դատախազությունից դեկտեմբերի 9-ին հայտնել էին, որ Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու հրապարակումը դատախազությունն ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ հարուցելու հարցը որոշելու համար։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քրեական վարույթ է նախաձեռնվել։