Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի (Ռաջյա Սաբհա) նախագահ, Հնդկաստանի փոխնախագահ Շրի Ջագդիփ Դհանկարի հետ։ Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել միջխորհրդարանական հարաբերություններին, կրթական, տնտեսական և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներին վերաբերող հարցերը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
ԱԺ նախագահը շրջել է նաև Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի շենքում ու գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրանցամատյանում:
Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 16-ին հանդիպել է Հնդկաստանի նախագահ Դրուպադի Մուրմուին: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան ու հավելել, որ չնայած լայն համագործակցությանը՝ երկկողմ հարաբերություններում դեռեւս առկա է չիրացված ներուժ: