AM
18 December 2024 - 11:22 AMT

Աղազարյան․ Հաջողվել է վերականգնել ֆեյսբուքյան էջս՝ անձնական նամակագրություններից որոշ հատվածներ հեռացվել են

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որին հեռացրել են ՔՊ կուսակցությունից և խմբակցությունից, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հաջողվել է վերականգնել ֆեյսբուքյան էջը և որ անձնական նամակագրություններից որոշ հատվածներ հեռացվել են:

«Երեկ երեկոյան ինձ հաջողվեց վերականգնել իմ ֆեյսբուքյան նախկին էջը։ Այս կապակցությաբ հայտարարում եմ, որ նկատել եմ կոպիտ մջամտություն, մասնավորապես, անձնական նամակագրություններից որոշ հատվածների թիրախային հեռացում։

Ես կփորձեմ իմ էջում նախկինում հրապարակված երեք պատմվածքներ, որոնք մաս են կազմում «Երկրի իրական կողմը» գրքի, վերծանել և վերջ։ Որևէ այլ միջամտություն իմ կողմից չի լինելու»,–ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 3-ին իշխող ՔՊ-ն Աղազարյանին կուսակցությունից հեռացրել է հենց այն հիմնավորմամբ, որ նա պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվություն է հանրայնացրել, ինչպես նաև թույլ է տվել հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումներ։

ՀՀ դատախազությունից դեկտեմբերի 9-ին հայտնել էին, որ Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու հրապարակումը դատախազությունն ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ հարուցելու հարցը որոշելու համար։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քրեական վարույթ է նախաձեռնվել։