AM
18 December 2024 - 11:26 AMT

ՌԴ ԱԳՆ–ն` «արևմտյան Ադրբեջանի համայնքի» պահանջի մասին․ Ավելի լավ է` Երևանից ճշտեք

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի համայնքի» վերաբերյալ Բաքվի պահանջները, ասել է, որ Մոսկվան հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև հումանիտար բոլոր հարցերի շուրջ երկխոսության օգտին, հայտնում է Sputnik Արմենիան։

Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ և գործնական քայլեր ձեռնարկի արևմտյան ադրբեջանցիների հիմնարար իրավունքները վերականգնելու համար։

«Ավելի լավ է` Երևանից պարզեք, թե ինչպես են այդ հայտարարություններին վերաբերվում ՀՀ իշխանությունները։ Մեր դիրքորոշումը բարձրաձայնել ենք։ Բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների տարրերից մեկը մարդասիրական բլոկի քննարկումն է», – ասել է Զախարովան։

Նրա խոսքով` դա ներառում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են փախստականների իրավունքների, պատմամշակութային և կրոնական ժառանգության հուշարձանների պահպանումը, դրանց նկատմամբ անվտանգ և ազատ մուտքի ապահովումը, անհայտ կորածների որոնումը, ռազմագերիների և պահվող անձանց փոխանակումը։

Զախարովան ընդգծել է` Մոսկվան բազմիցս նշել է հումանիտար հարցերի ամբողջ շրջանակի շուրջ Բաքվի և Երևանի միջև երկխոսության վերսկսման կարևորությունը։ Ռուսաստանն իր հերթին պատրաստ է աջակցել։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, որ անցյալ դարավերջին Հայաստանը լքած մոտ 300 հազար ադրբեջանցիներ սպասում են Երևանի պատասխանին իրենց վերադարձի և վերաինտեգրման պայմանների վերաբերյալ։