ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում անցկացվող Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանն իր ելույթում նշել է, որ միջազգային իրավունքը բախվում է աննախադեպ մարտահրավերների։
Նա նշել է, որ աշխարհը բախվում է անվտանգության շարունակական սպառնալիքների, հակամարտությունների վերսկսմանը, ինչը զուգորդվում է մարդկային ահռելի տառապանքով, ինքնության վրա հիմնված ատելությամբ ու մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման կամ յուրացման կտրուկ աճով:
«Այսպիսի գործողությունները, որոնք հաճախ պայմանավորված են պատմությունը որպես գործիք օգտագործելու հանգամանքով և կեղծ խոսույթներով, ծառայում են նաև որպես գործիք տարածքային պահանջներն «արդարացնելու» և բաժանարար գծերը խորացնելու համար՝ խարխլելով միջազգային խաղաղության և անվտանգության հիմքերը։ Ցավոք, Հայաստանն այն երկրների շարքում է, որոնք մշտապես բախվում են նման մարտահրավերների։Այս նպատակով Հայաստանը վճռականորեն աջակցում է բազմակողմ հաստատությունների, մասնագիտացված գործակալությունների և իրավական գործիքների ամրապնդմանը՝ մշակութային ժառանգությունն առավել արդյունավետ պաշտպանելու, ինչպես նաև խաղաղության, փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի մշակույթն առաջ մղելու համար:
Ավելին, Հայաստանը հավատարիմ է միջազգային համագործակցությանը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակներում։ Մենք աջակցում ենք Ֆորումի կարողությունների ամրապնդմանը՝ հնարավորություն տալու նրան իրականացնել փոփոխվող և նոր մարտահրավերներին համապատասխան հավակնոտ և գործնական քայլեր»,- ասել է նա:
Միրզոյանը հավելել է, որ մշակութային ժառանգության պաշտպանության քաղաքականությանը համահունչ՝ Հայաստանը հատուկ շեշտադրում է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնական դերի վրա։
«Այս տարի լրանում է «Զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 70-ամյակը. կոնվենցիա, որը հիմնաքար է հավաքական ջանքերում: Որպես Զինված հակամարտությունների դեպքում մշակութային ժառանգության պաշտպանության կոմիտեի ակտիվ անդամ՝ Հայաստանը նաև փորձում է նպաստել այս ոլորտում համաշխարհային ջանքերին։ Վերջերս մենք աջակցեցինք Լիբանանի՝ 34 մշակութային վայրերի հրատապ ուժեղացված պաշտպանության խնդրանքին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելով վերջին ռազմական գործողություններից բխող սպառնալիքներին դիմակայելու համար: Մենք նաև կիսվել ենք մեր փորձով այնպիսի նախագծերում, ինչպիսիք են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Վերակենդանացնել Մոսուլի ոգին» նախաձեռնությունը՝ ցույց տալով մեր հանձնառությունը միջազգային համագործակցության և հավաքական ժառանգության պահպանման հարցում:
Ամփոփելով՝ Հայաստանը հպարտ է լինել այս հնագույն քաղաքակրթությունների ընտանիքի անդամ: Այս առավելությունն իր հետ բերում է մեծ պատասխանատվություն՝ պահպանելու մարդկության համատեղ ժառանգությունն ու պաշտպանելու այն արժեքներն ու ավանդույթները, որոնք կազմում են մեր աշխարհի քաղաքակրթական հիմքերը: Մենք շարունակելու ենք համագործակցել Ֆորումի անդամ պետությունների հետ՝ հանուն ավելի խաղաղ, արդար և ներդաշնակ ապագայի։Հուսով եմ, որ Երևանում Ձեր գտնվելու ընթացքում դուք կվայելեք հայ ժողովրդի հազարամյակների մշակութային ժառանգությունը և այս ֆորումի անդամ բազմաթիվ երկրների հետ դրա քաղաքակրթական փոխազդեցության փաստագրված վկայությունները»,- ասել է Հայաստանի ԱԳ նախարարը:
Համաժողովին մասնակցում են Բոլիվիայի, Եգիպտոսի, Իրանի, Հունաստանի, Պերուի և Իրաքի ներկայացուցիչները: