Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հիշեցրել է, որ ուժի մեջ է մնում ծառայողական մեքենաները կրճատելու որոշումը։ Նա զգուշացրել է, որ այն համայնքներում, որոնք չեն գնա այդ ճանապարհով, սուբվենցիոն ծրագրերի սահմանափակումներ կլինեն։
Նա նշել է, որ իր այդ առաջարկած սկզբունքը պետք է կիրառվի առանց բացառության՝ բոլոր համայնքներում։
«Համապատասխան հետևանքներ կլինեն, այդ դեպքում թող համայնքների ղեկավարները բնակիչների հետ պարզաբանեն այն հարցը, թե ո՞րն է ավելի մեծ և կարևոր առաջնահերթություն»,–ասել է վարչապետը։
Նա վստահություն է հայտնել, որ առնվազն համայնքների ղեկավարների մեծամասնությունը ճիշտ ճանապարհով կգնա։
Փաշինյանը նոյեմբերի 22-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մոտ 80-90 տոկոսով կրճատելու է պետական ապարատի ծառայողական մեքենաները։