Զորակոչի ընթացքում առողջական խնդիրների հիմքով տարկետման կարգը վերանայվել է։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստում ներկայացրել է փոփոխությունների նախագիծը։
Նախագծով որոշ հիվանդությունների դեպքում զինակոչիկները կարող են ճանաչվել սահմանափակումով պիտանի, եթե մեկ տարվա տարկետման ժամկետից հետո զինակոչիկի մոտ առողջական վիճակի վատթարացում չի արձանագրվել։
Նաև կհստակեցվեն առողջական վիճակի վրա հիմնված զինվորական ծառայության պայմաններն ու մի շարք հիվանդությունների նկարագրությունները։
Փոփոխությունները կողչված են խթանելու զինծառայության արդարացի կազմակերպումը և կանխելու ծառայությունից խուսափելու հնարավոր սողանցքները։
«Լինում են հիվանդություններ, որոնք հնարավոր է 1 տարում բժշկական միջամտության միջոցով չեզոքացնել, սակայն, փորձը ցույց է տալիս, որ հանրության շրջանում չկա բժշկական միջամտության միջոցով առողջությունը վերականգնելու շահագրգռվածություն։ Արդյունքում մի տարվա տարկետումը բերում է ևս մեկ տարվա, ևս մեկ տարվա և այսպես շարունակ։ Մեր գնահատմամբ՝ սա յուրօրինակ սողանցք է զինվորական ծառայությունից խուսափելու համար»,–ասել է Պապիկյանը։
Նախարարը նշել է, որ եթե առողջական խնդիրը պահանջում է բժշկական միջամտություն, որը չի կատարվել անձի կողմից, կառավարությունը կկազմակերպի բուժումը, որից հետո հարցը կրկին կդիտարկվի:
Առանձին փոփոխություն է նախատեսվում լեղապարկի հիվանդություն ունեցող սպաների համար, քանի որ ժամանակակից վիրահատությունները թույլ են տալիս արագ վերականգնել առողջությունը, մինչդեռ, ըստ գործող կարգի, այս հիվանդության պատճառով սպաները ստիպված են լինում հրաժարվել հետագա ծառայությունից։
Փոփոխությունը վերաբերում է նաև մի շարք այլ հիվանդությունների։