Դատարանն անօրինական է համարել Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է տուժողի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը։
Դատարանը բավարարել է տուժող կողմի փաստաբանի բողոքը:
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի, բավարարել է Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով ՀՀ վարչապետի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին հսկող դատախազի որոշման դեմ իմ կողմից ներկայացված բողոքը՝ այդ որոշումը համարելով անօրինական և վարույթի հանրային մասնակիցներին պարտավորեցնելով նոր քննությամբ վերացնել տուժողի իրավունքների խախտումը»,–ասվում է գրառման մեջ։
Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի ավտոշարասյան պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի և գործը կկարճվի։
Դեպքը տեղի է ունեցել 2022 թ. ապրիլի 26-ին․ վարչապետին ուղեկցող մեքենան Երևանում վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ մահացել էր։ Մեքենայի վարորդը վրաերթից հետո հեռացել էր, սակայն 2 ժամ անց վերադարձել էր։ Նա ձերբակալվել էր, սակայն նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ չբացակայելը։