AM
19 December 2024 - 10:46 AMT

Վարչապետ․ Բանակը պետք է կերպափոխվի՝ այդ թվում խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ տեղավորվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ բանակը պետք է կերպափոխվի, այդ թվում՝ խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ տեղավորվի։

Նա մեկ անգամ ևս կրկնել է, որ բանակի միակ խնդիրը ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության պահպանումն է։

«Բանակի ընկալումն, ընդհանուր առմամբ, շատ կողմերով և շատ տեղերով պետք է կերպափոխվի, այդ թվում բանակի ֆունկցիոնալ նշանակության առումով։ Բանակը պետք է հստակ մեր քաղաքական և ռազմավարական ընկալումների շրջանակում տեղավորվի, այդ թվում՝ տարածաշրջանային իրադրության։ Մենք հստակ ասել ենք, որ ՀՀ միակ խնդիրը ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության պահպանումն է, ինչպես նաև հարակից անվտանգության խնդիրների հասցեագրումը»,-ասել է նա։

Խոսելով բանակի խնդիրների մասին՝ Փաշինյանն ասել է նաև, որ զորակոչի տարիքի երիտասարդների մեծ մասը չի զորակոչվում բանակ։ Նա հավելել է, որ բանակում բազմաթիվ ծառայությունների տեսակներ կան, որոնք համատեղելի են բազմաթիվ սահմանափակումների հետ։

«Պետք է ուղիղ ասել, որ բանակում ժամկետային ծառայության սահմանափակումները պետք է բերվեն նվազագույնի»,-ասել է նա։