AM
19 December 2024 - 11:03 AMT

«Հայաքվեն» պահանջում է առկախել տրանսպորտի թանկացման որոշումը

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը պահանջում է առկախել տրանսպորտի թանկացման որոշումը և պատվիրել մասնագիտական անկախ փորձաքննություն։ Այդ մասին ասվում է նախաձեռնության հայտարարության մեջ։

Նշվում է, որ աշխարհի բազմաթիվ խոշոր քաղաքներում հանրային տրանսպորտը դոտացիոն է և մասամբ կամ ամբողջովին սուբսիդավորվում է

«ՀՀ-ում գործող վարչախմբի հակաժողովրդական քաղաքականությունը շարունակվում է՝ ընդգրկելով սոցիալական նորանոր խմբեր և ոլորտներ։ 2025 թվականի հունվարի 1-ից Երևանի քաղաքապետարանը փորձելու է էապես թանկացնել քաղաքային տրանսպորտի վարձավճարները, ինչն էլ վատթարացնելու է երևանցիների սոցիալական վիճակը՝ փոխարենը լցնելով իշխանավորների գրպանները։

Բացարձակ անհիմն, փորձաքննություն չանցած, թանկացման հակասոցիալական այս որոշումը բողոքի լայն ալիք է առաջ բերել մայրաքաղաքի բնակչության շրջանում։ Հազարավոր քաղաքացիներ իրենց մտահոգություններն են փոխանցել նաև«ՀայաՔվե» միավորմանը` խնդրելով միջամտել՝ կասեցնելու այս վիճահարույց որոշման կիրարկումը։

Առաջնորդվելով Երևանի հարյուր հազարավոր քաղաքացիների օրինական շահերով` հայտարարում ենք՝

«Հայաքվե» միավորումը դեմ է մայրաքաղաքում հանրային տրանսպորտի ուղեվարձի կտրուկ թանկացմանը։ Մենք ելնում ենք այն պարզ իրողությունից, որ աշխարհի բազմաթիվ խոշոր քաղաքներում հանրային տրանսպորտը դոտացիոն է և մասամբ կամ ամբողջովին սուբսիդավորվում է պետության/համայնքի կողմից։ Մեր կատարած հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ նախատեսված թանկացումներից հետո Երևանում հանրային տրանսպորտի ուղեվճարները կինեն ամենաբարձրը տարածաշրջանում, ինչը որևէ կերպ հիմնավորված չէ բնակիչների փաստացի գնողունակությամբ։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Երևանի քաղաքային իշխանություններից պահանջում ենք առկախել այդ վիճելի որոշման կիրարկումը առնվազն մեկ տարով և պատվիրել մասնագիտական անկախ փորձաքննություն՝ ստեղծված իրավիճակը խորքային վերլուծելու և տնտեսապես ու սոցիալապես հիմնավորված լուծումներ առաջադրելու նպատակով։

Այս վիճահարույց որոշման կիրարկման դեպքում օրենքով նախատեսված սահմաններում կգործադրենք բոլոր հնարավոր միջոցները՝ այն չեղարկելու նպատակով»,–ասվում է հայտարարոքւթյան մեջ։

Հունվարի 1–ից նախատեսվում է ներդնել միասնական տոմսային համակարգ։ Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ 30 օրվա տոմսային փաթեթը կարժենա 8,800 դրամ, 90 օրվանը՝ 23,600 դրամ, մեկ տարվանը՝ 88,000 դրամ: Երևանում հունվարի 1–ից մեկանգամյա տոմսի արժեքը կլինի 300 դրամ։ Զեղչեր կգործեն թոշակառուների, դպրոցականների, ուսանողների և նպաստառուների համար։

Երևանի քաղաքային տրանսպորտից անվճար կօգտվեն մինչև 7 տարեկանները, ծնողազուրկ դպրոցականներն ու ուսանողները, հաշմանդամություն ունեցող անձինք (1-ին կամ 2-րդ խմբի), մանկատներում կամ ծերանոցներում գտնվող անձինք, նախկին ԽՍՀՄ, Սոցիալիստական աշխատանքի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և Փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրվածները և բազմազավակ ընտանիքների ծնողները:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավեճի ժամանակ հայտարարել է, որ հունվարի մեկից քաղաքում ուղեվարձի միջին արժեքը կկազմի 144 դրամ։