AM
19 December 2024 - 12:29 AMT

Մարությանը կոչ է անում բոյկոտել տրանսպորտի թանկացումը՝ շարունակելով վճարել 100 դրամ

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով դեկտեմբերի 18–ին քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ բանավեճին, նշել է, որ վերջինս հրաժարվել է չեղարկել տրանսպորտի թանկացման որոշումը։

Մարությանը կոչ է արել բոյկոտել տրանսպորտի թանկացումը՝ շարունակելով վճարել 100 դրամ։

«Բանավեճի ժամանակ ես թվերով և փաստերով փոխանցեցի ձեր պահանջը՝ Երևանում հանրային տրանսպորտը կարող է 100 դրամ սակագնով նորմալ աշխատել և զարգանալ։ Իմ ընդդիմախոսը ոչ մի փաստարկված պատասխան չտվեց մեր տեսակետին։ Նա նաև փաստորեն հրաժարվեց չեղարկել տրանսպորտի թանկացման որոշումը։

Հիմա, մեր իրականացրած ստորագրահավաքի արդյունքում և երեկվա բանավեճի արդյունքում պահանջո՛ւմ ենք, այս անգամ ՔՊ իշխանության վերնախավից, հրաժարվել տրանսպորտի անհիմն թանկացումից և պահպանել 1 ուղևորության համար մինչև 100 դրամ սակագինը։

Եթե այս պահանջը անտեսվի, կստացվի, որ ՔՊ-ն արհամարհում է հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնը։ Այդ դեպքում մեր քաղաքացիները լիարժեք իրավունք ունեն արհամարհելու իշխանության կայացրած որոշումը և բոյկոտելու տրանսպորտի թանկացումը՝ շարունակելով վճարել 100 դրամ։

Եվ մենք միանալու ենք այդ բոյկոտին»,–ասվում է գրառման մեջ։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավեճի ժամանակ հայտարարել է, որ հունվարի մեկից քաղաքում ուղեվարձի միջին արժեքը կկազմի 144 դրամ։

Հունվարի 1–ից նախատեսվում է ներդնել միասնական տոմսային համակարգ։ Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ 30 օրվա տոմսային փաթեթը կարժենա 8,800 դրամ, 90 օրվանը՝ 23,600 դրամ, մեկ տարվանը՝ 88,000 դրամ: Երևանում հունվարի 1–ից մեկանգամյա տոմսի արժեքը կլինի 300 դրամ։ Զեղչեր կգործեն թոշակառուների, դպրոցականների, ուսանողների և նպաստառուների համար։

Երևանի քաղաքային տրանսպորտից անվճար կօգտվեն մինչև 7 տարեկանները, ծնողազուրկ դպրոցականներն ու ուսանողները, հաշմանդամություն ունեցող անձինք (1-ին կամ 2-րդ խմբի), մանկատներում կամ ծերանոցներում գտնվող անձինք, նախկին ԽՍՀՄ, Սոցիալիստական աշխատանքի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և Փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրվածները և բազմազավակ ընտանիքների ծնողները: