AM
19 December 2024 - 12:31 AMT

Գալյան․ Վստահ եմ՝ ՀՀ-ում այս պահին համակարգային կոռուպցիա չկա

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը վստահ է, որ Հայաստանում այս պահի դրությամբ համակարգային կոռուպցիա չկա։ Նա այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում։

«Կոռուպցիան այնպիսի երևույթ է, որ բոլոր երկրներում կա, խնդիրը դրա համակարգային լինելու-չլինելու մեջ է։ Ես վստահ եմ, որ Հայաստանում այս պահի դրությամբ համակարգային կոռուպցիա չկա, բայց պետք է ժողովրդին ճիշտ հասցեագրել, թե որն է համակարգային կոռուպցիան»,- նկատել է նա, հայտնում է «Հայկական ժամանակը»։

Անդրադառնալով քրեական ենթամշակույթի դեմ պայքարին՝ Գալյանն ասել է, որ պատրաստի դեղատոմս չունի, գրում է «Առավոտը»։

«Հիմա կոնկրետ դեղատոմս չեմ կարող ասել, բայց բոլոր խնդիրները պահանջում են համակարգային լուծում։ Իսկ համակարգային լուծումներ ունենք»,–ասել է նա։

Նախարարը նաև խոսել է քրեակատարողական հիմնարկների վիճակի մասին՝ նշելով, որ այցելում է այդ հաստատություններ։

«Որևէ մեկը չի ասում, որ ընդհանրապես խնդիր չկա ՔՀԿ-ներում և այնտեղ դրախտային պայմաններ են։ Խնդիրները միշտ եղել են, բայց մեր խնդիրն ու գործառույթն է այդ խնդիրները մինիմալի հասցնելը եւ հետզհետե այդ խնդիրները լուծելը, ինչը և անում ենք»,–ասել է նա։