AM
19 December 2024 - 14:40 AMT

Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի մասնակիցները Երևանյան հռչակագիր են ընդունել

Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի անդամ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության, Բոլիվիայի Բազմազգ Պետության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Հունաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Իրաքի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Պերուի Հանրապետության արտաքին գործերի նախարարները և նրանց փոխարինողները 2024 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ մայրաքաղաք Երևանում մասնակցել են Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպման և ավարտին Երևանյան հռչակագիր են ընդունել։

Ընդգծվել է ժողովուրդների պատմամշակութային ժառանգության պաշտպանությանն ու խրախուսմանն ուղղված համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը՝ որպես ամբողջ մարդկության ընդհանուր ժառանգություն։

Նախարարները շեշտել են միջազգային իրավունքի և ազգային օրենսդրության ներքո ստանձնած պարտավորություններին համապատասխան արդյունավետ ազգային գործողությունների ներդրումը՝ կանխելու և հակազդելու մշակութային արժեքների թրաֆիքինգը և հարակից հանցագործությունները, ինչպես նաև հեշտացնելու մշակութային արժեքների վերադարձը,

Խրախուսել են անդամ պետություններին համագործակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ վտանգված մշակութային ժառանգության մշտադիտարկման, հասանելիության ապահովման և պահպանության ոլորտներում,

միջազգային կազմակերպություններին և մասնագիտացված գործակալություններին կոչ են արել խրախուսել և ընդլայնել տեղահանված բնակչության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ծրագրային գործունեությունը,

պայմանավորվեել են ընդլայնել համագործակցությունը մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանման ուղղությամբ՝ նոր տեխնոլոգիաների և նորարարությունների կիրառմամբ՝ ներառյալ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը,

ողջունել են Քաղաքական Հռչակագրի ընդունումը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի տասներորդ գլոբալ ֆորումի շրջանակներում, որը տեղի ունեցավ Պորտուգալիայի Կասկայս քաղաքում 2024 թվականի նոյեմբերի 25-ից 27-ը,

Նախարարները պայմանավորվել են միջոցները ձեռնարկել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի կարողությունների հզորացման և միջազգային հարթակներում դրա տեսանելիությունը բարձրացնելու համար։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը չի միանում Հռչակագրի 8.10-8.14 կետերի շուրջ կոնսենսուսին: