Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» համար Երևանի ավագանու կողմից սահմանված նոր դրույքաչափերը, որոնք գործում են 2024–ի հունվարի 1–ից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը` հավելելով, որ դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել։
Քաղաքապետարանը բողոքարկելու է որոշումը։
«ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվել է որոշում, որով Երևանի ավագանու կողմից ընդունված և այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է ճանաչվել։ Հետագա մանիպուլյացիաներից խուսափելու համար հայտնում ենք՝
1.Դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել և սահմանված մեկամսյա ժամկետում քաղաքապետարանի կողմից բողոքարկվելու է։
2.Նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն անգամ դատարանի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում»,–ասվում է գրառման մեջ։
2024-ի հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանվել էին նոր դրույքաչափեր, որոնք հաշվարկվում էին ըստ քաղաքի գոտիավորման: «Ա» գոտում կայանման մեկ ժամի համար սահմանված էր 300 դրամ, մեկ օրվա համար` 2000 դրամ, մեկ շաբաթվա` 5000 դրամ, մեկ ամսվա՝ 18,000 դրամ, իսկ մեկ տարվա` 160,000 դրամ: «Բ» գոտում կայանման մեկ ժամի համար սահմանված էր 200 դրամ, մեկ օրվա համար՝ 1000 դրամ, մեկ շաբաթվա՝ 2000 դրամ, մեկ ամսվա` 4000 դրամ, մեկ տարվա համար՝ 24,000 դրամ: