Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնը (ECLJ) նոյեմբերին հրապարակել է «Մարդու իրավունքները Ադրբեջանում. հայ, ադրբեջանցի և ֆրանսիացի գերիների ողբերգական ճակատագիրը» խորագրով զեկույցը, հայտնում է Monumentwatch.org-ը:
Զեկույցն արձանագրում է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ, ինչպես նաև բարձրաձայնում Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության համակարգված և դիտավորյալ ոչնչացման մասին։ Զեկույցը լուսաբանում է 120 հազար հայերի բռնի տեղահանությունը իրենց հայրենիքից և արձանագրում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը։
2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական ագրեսիայից հետո Ադրբեջանը կիրառեց էթնիկ զտումների քաղաքականությունը Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) հայերի դեմ, որն ուղեկցվում էր բռնի տեղահանությամբ ու հայկական մշակութային ժառանգությունը ադրբեջանական նարատիվներով փոխարինելով։
Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնի զեկույցը մանրամասնորեն փաստում է, թե ինչպես են Ադրբեջանի գործողությունները ոտնահարում միջազգային իրավունքի նորմերն ու պարտավորությունները, այդ թվում՝ մշակութային ժառանգության իրավունքը և հակամարտության գոտում քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության սկզբունքները։
Նշվում է, որ Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային արդարադատության դատարանը (ICJ) հաստատել է տեղահանված հայերի իրավունքը՝ անվտանգ և անհապաղ վերադառնալու իրենց բնակավայրեր՝ այս իրավունքը կապելով ինքնորոշման սկզբունքի հետ, այնուամենայնիվ, Ադրբեջանի վարած քաղաքականությունը կտրուկ հակասում է այդ որոշումներին՝ խոչընդոտելով նրանց վերադարձին և հետևողականորեն ջնջում է հայերի պատմական ներկայության բոլոր հետքերը տարածաշրջանում։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։