AM
20 December 2024 - 07:43 AMT

Վարչապետ․ ՀՀ սահմանադրության որևէ հոդվածում ԼՂ մասին ոչ ուղղակի, ոչ անուղղակի հիշատակում չկա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի նախագահի պահանջին՝ հերթական անգամ նշելով, որ ՀՀ սահմանադրության որևէ հոդվածում ԼՂ մասին ոչ ուղղակի, ոչ անուղղակի հիշատակում չկա։ Նա այդ մասին ասել է Արմենպրեսին տված հարցազրուցյում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին առաջ է քաշել ՀՀ սահմանադրության փոփոխության հարցը՝ կրկին պնդելով, թե այն տարածքային պահանջներ է պարունակում ընդդեմ Ադրբեջանի: Ընդ որում, նա հայտարարել է, թե ՀՀ–ն պետք է փոխի Սահմանադրությունը մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը։

«Մի քանի անգամ այդ թեմային անդրադառնալու առիթներ ունեցել եմ և կրկին հարկ եմ համարում ընդգծել, որ եթե դա Ադրբեջանի կողմից արտահայտվող անկեղծ մտահոգություն է, այդ մտահոգությունը փարատված համարելու բոլոր հիմքերը կան: Ինչո՞ւ, որովհետև պնդումները, թե ՀՀ սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ հիմնվում է այն փաստարկի վրա, թե մեր Սահմանադրության նախաբանում կա ընդհանրական հղում Անկախության հռչակագրին, որտեղ իր հերթին հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի մասին: Հայաստանի Սահմանադրական դատարանը 2024թ. սեպտեմբերի 26-ին կայացրած որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը վերաբերում է հռչակագրի բացառապես այն դրույթներին, որոնք իրենց բառացի ամրագրումն են ստացել Սահմանադրության հոդվածներում։

ՀՀ սահմանադրության որևէ հոդվածում Լեռնային Ղարաբաղի մասին ոչ ուղղակի, ոչ անուղղակի հիշատակում չկա: Եթե Սահմանադրության բովանդակությունն ընդունենք այնպես, ինչպես Ադրբեջանն է մեկնաբանում, այդ դեպքում հարց է ծագում, ինչո՞ւ 1995 թվականի սահմանադրական հանրաքվեին Ղարաբաղը չի մասնակցել, ինչո՞ւ այնտեղ ընտրական տեղամասեր չեն բացվել և մարդիկ չեն քվեարկել Սահմանադրության հարցով: Նույնը կարելի է ասել դրանից հետո տեղի ունեցած ՀՀ նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին: Բացի այդ, եթե ՀՀ Սահմանադրության ադրբեջանական մեկնաբանությունը ճիշտ լիներ, ղարաբաղցի մեր քույրերին և եղբայրներին ՀՀ կողմից փախստական ճանաչելն անհնար կլիներ»,–ասել է Փաշինյանը։

Նա հաստատել է իր այն հայտարարությունը, որ Հայաստանն էլ մտահոգություն ունի, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանից: Նա հավելել է, որ այդ մտահոգությունը հիմնվում է այն փաստի վրա, որ Ադրբեջանի Սահմանադրության նախաբանը հղում է պարունակում 1991թ. հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի խորհրդարանի կողմից ընդունված Սահմանադրական ակտին:

«Սահմանադրական ակտն իր հերթին հղում է անում 1918թ. մայիսի 28-ին ընդունված Ադրբեջանի առաջին Հանրապետության Անկախության հռչակագրին, որն արձանագրում է, որ Ադրբեջանի առաջին Հանրապետությունը ներառում է Արևելյան և Հարավային Անդրկովկասը: 1919թ. նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի՝ Ադրբեջանի կազմում ընդգրկված են ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռիի, Շիրակի մարզերի տարածքները մասամբ, ՀՀ տարածքի մոտ 60 տոկոսը: Այսպիսով, Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ ՀՀ–ի: Բայց մենք Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու հարց չենք բարձրացնում երկու պատճառով. նախ՝ նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը և երկրորդը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որն արձանագրում է՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը՝ արդարացնելու սույն պայմանագրի իրագործման ձախողումը: Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասի մեկ այլ հոդվածում ասվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշել»,–ասել է վարչապետը։

Նա դրական է պատասխանել այն դիտակմանը, որ Սահմանադրության հետ կապված մտահոգությունների պատճառով պետք է ոչ թե չստորագրել խաղաղության պայմանագիրը, այլ պայմանագրի ստորագրումը կփարատի նաև այդ մտահոգությունները:

«Միանշանակ: Եվ եթե հարցին մոտենանք ՀՀ օրենսդրության տեսակետից, մեր օրենքներով խաղաղության պայմանագիրը ստորագրվելուց հետո պետք է վավերացվի Ազգային ժողովում: Դրանից առաջ Կառավարությունը պարտավոր է պայմանագիրն ուղարկել Սահմանադրական դատարան՝ դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը ստուգելու համար: Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագրի տեքստը չի համապատասխանում Սահմանադրությանը (թեև 2024թ. սեպտեմբերի 26-ի որոշումից հետո նման զարգացումը քիչ հավանական է), կստացվի, որ Ադրբեջանի փաստարկներն այս հարցում ճիշտ էին, և Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Խաղաղության պայմանագրի և Սահմանադրության որոշ դրույթների միջև:

Բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Խաղաղության պայմանագրի տեքստը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այն կանցնի վավերացման գործընթաց երկրի Խորհրդարանում: Իսկ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, ՀՀ վավերացված միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը: Այսպիսով, Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագիրը Խորհրդարանում վավերացվելուց հետո կստանա գերակա իրավաբանական ուժ ՀՀ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ և տարածքային պահանջների թեման վերջնականորեն կփակվի: Նույնը տեղի կունենա նաև Ադրբեջանում: Այսինքն, խաղաղության պայմանագրի ստորագրումն է, որ գործնականում կփարատի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի մտահոգությունները, այդ թվում՝ սահմանադրությունների հետ կապված»,–ասել է Փաշինյանը։

Նա նշել է նաև, որ այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» խոսույթով պաշտոնական Բաքուն ցանկանում է առարկայացնել ՀՀ նկատմամբ ունեցած տարածքային պահանջները, որոնք արձանագրված են Ադրբեջանի Սահմանադրության մեջ:

«Եթե այդպես չէ, ու մենք մեր ընկալումներում սխալվում ենք, ուրեմն Արևմտյան Ադրբեջան ասելով պետք է հասկանալ Ադրբեջանական Հանրապետության Ղազախի, Թովուզի, Աղստաֆայի, Գեդաբեյի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլուի, Զանգելանի շրջանները: Հետևաբար՝ մարդկանց վերադարձը այնտեղ Ադրբեջանի ներքին գործն է, և Հայաստանի Կառավարությունն այստեղ անելիք ու քննարկելիք չունի, բացի այն հարցերից, որ արդեն քննարկում է Ադրբեջանի հետ: Նկատի ունեմ՝ բնականոն հարաբերությունների հաստատումը, որոնք կապահովեն, այդ թվում, Ադրբեջանի արևմտյան և Հայաստանի արևելյան սահմանների անվտանգությունը»,–ասել է վարչապետը։

Ալիևը նաև հայտարարել է, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։ Նա նաև Ադրբեջանում 2025–ի համար նախատեսված և 5 մլրդ դոլար կազմող ռեկորդայիան ռազմական բյուջեի ընդունումն «արդարացրել է» Հայաստանի սպառազինմամբ Արևմուտքի կողմից։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել ապագա խաղաղության պայմանագրի 2 կետ՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելն ու սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայությունը։ Նա նաև ասել է, որ կա ևս 2 բան, որ ՀՀ–ն պետք է անի մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխի իր Սահմանադրությունը և համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։