AM
20 December 2024 - 09:04 AMT

Միրզոյանն ասել է՝ ՍԾՏՀ տարածաշրջանը խաղաղության կարիք ունի, և հաջողություն է մաղթել Ադրբեջանին՝ որպես հաջորդ նախագահողի

ՀՀ ԱԳ նախարար, ՍԾՏՀԿ գործող նախագահ Արարատ Միրզոյանը ՍԾՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 49-րդ հանդիպմանը հայտարարել է, որ ՍԾՏՀ տարածաշրջանը խաղաղության կարիք ունի։

Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունը հաստատակամ է շարունակելու իր ջանքերը խաղաղության, անվտանգության, կայունության և համագործակցության ցանկալի նպատակներին հասնելու ուղղությամբ:

«ՍԾՏՀ տարածաշրջանը մեծապես տուժել է շարունակվող պատերազմի պատճառով, առկա են բազմաթիվ հակամարտություններ ու տարաձայնություններ: Սրանք կազմակերպության գործունեությանն անմիջականորեն առնչվող խոչընդոտներ են, որոնք հեշտությամբ հաղթահարելի չեն: Հայաստանը՝ որպես նախագահող, անմիջապես զգացել է դրա ազդեցությունը. եղել են պահեր, երբ բախվել ենք դժվարությունների նույնիսկ հանդիպումների օրակարգի հաստատման հարցում: Ակնհայտ է, որ ՍԾՏՀ տարածաշրջանը խաղաղության կարիք ունի, որն առնվազն պետք է դրսևորվի ակտիվ ռազմական գործողությունների բացակայությամբ, տևական հրադադարներով և լարվածության թուլացմանն ուղղված ակտիվ ջանքերով։

Հայաստանի կառավարությունը հաստատակամ է շարունակելու իր ջանքերը խաղաղության, անվտանգության, կայունության և համագործակցության ցանկալի նպատակներին հասնելու ուղղությամբ: Շարունակական և անկեղծ երկխոսությունը, առևտրային և տնտեսական կապերի վերականգնումը, ինչպես նաև տարածաշրջանային նախաձեռնություններում և նախագծերում ներառականության ապահովումը հիմնական նախադրյալներն են գոյություն ունեցող հակասությունները հաղթահարելու և մեր երկրների միջև ավելի լավ համագործակցության, զարգացման և բարեկեցության հասնելու համար:

Փխրուն աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին մենք առավել քան երբևէ կարիք ունենք բարելավելու տնտեսական փոխկապակցվածությունը, ինչը թույլ կտա մեզ տարբեր ոլորտներում, օրինակ՝ էներգետիկան, տրանսպորտը և առևտուրը, հաստատել ընդհանուր շահերի վրա հիմնված պրագմատիկ առևտրային կարգավորումներ»,–ասել է Միրզոյանը։

Նա հավելել է, որ անհրաժեշտ է նաև խթանել միջմշակութային և մարդկանց միջև շփումները:

«Բաց սահմանները, չսահմանափակված, ազատ և ներառական տարածաշրջանային տնտեսական համագործակցությունն այս կազմակերպության առանցքային նպատակներն են: Հայաստանը հանձնառու է կառուցողական և արդյունավետ համագործակցության ՍԾՏՀԿ շրջանակներում՝ սևծովյան տարածաշրջանում և դրանից անդին խաղաղության ու կայունության օրակարգն առաջ մղելու համար: Հաջողություն ենք մաղթում Ադրբեջանին՝ որպես հաջորդ նախագահող»,–ասել է Միրզոյանը: