AM
21 December 2024 - 12:48 AMT

Վերաքննիչ դատարանը բեկանել է Մայրապետյանի գործով որոշումը․Դատախազությունը բողոքարկել է

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը բեկանել է 2024–ի ապրիլի 5-ին կայացրած վճիռը, որով հետախուզման մեջ գտնվող գործարար Սամվել Մայրապետյանից պետք է բռնագանձում կատարվեր հօգուտ պետության 4 միլիարդ դրամ: Դատախազությունը վճռաբեկ է դիմել, քանի որ համաձայն չէ վերաքննիչի որոշման հետ։

Վերաքննիչն արձանագրել է, որ խախտվել է Մայրապետյանի արդար դատաքննության իրավունքը, հայտնում է «Ազատությունը»։

Ապրիլին Հակակոռուպցիոն դատարանը հաստատված էր համարել դատախազության կասկածները, որ 18 տարի առաջ գործարարը մայրաքաղաքի սրտում կառուցած նորակառույցի բնակարանների քառակուսի մետրը վաճառել է 66 հազար դրամով։

Վճիռը բողոքարկած Գլխավոր դատախազությունից փոխանցել են՝ վերաքննիչն արձանագրել է, որ առաջին ատյանի դատարանը Մայրապետյանին ու նրա նախկին աշխատակցին հնարավորություն չի տվել ապացույցներ ներկայացնել, վկաներ բերել։ Ընդ որում՝ վերաքննիչը չի անդրադարձել մի կարևոր հարցի՝ Մայրապետյանն իսկապե՞ս Կենտրոնի բնակարանները վաճառել է կոպեկներով ու կեղծիքներով։

«Սամվել Մայրապետյանը «Գլոբուս» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Գագիկ Հակոբջանյանի միջոցով կազմակերպել է Երևան քաղաքի Տերյան 66 հասցեի բնակարանների շուկայական արժեքները առուվաճառքի պայմանագրերում էականորեն ցածր գներով նշելը ու այդպիսով առանձնապես խոշոր չափերով հարկ վճարելուց խուսափելը: Ստացված տվյալների համաձայն՝ 2006 թվականի դրությամբ այդ նույն բնարականների կամ ոչ բնակելի տարածքների շուկայական արժեքներն էականորեն ավելի բարձր են եղել: Այդպիսով դա վկայում է այն մասին, որ Սամվել Մայրապետյանի գործողությունները ուղղված են եղել հարկ վճարելուց խուսափելուն», – Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Ֆիլիանա Բելլույանն էր ավելի վաղ «Ազատությանը» պատմել իրենց այս բացահայտման մասին։

Իրավապահները պնդում էին, որ 141 գույք, այդ թվում՝ ավտոկայանատեղիներ ու ոչ բնակելի տարածքներ վաճառելիս Մայրապետյանը կեղծել է պայմանագրերը, դրանցում շուկայականից 11 անգամ էժան թիվ են նշել, բայց իրականում այդ բնակարաններն ու տարածքները ավելի թանկ գնով են վաճառել։ Սա արել են, որ քիչ հարկ վճարեն, այդպիսով՝ պետությանը մեծ վնաս են հասցրել։

Մայրապետյանը հերքել է այդ պնդումները։ Վճիռը բողոքարկած Գլխավոր դատախազությունից փոխանցել են, որ վերաքննիչն արձանագրել է, որ առաջին ատյանի դատարանը Մայրապետյանին ու նրա նախկին աշխատակցին հնարավորություն չի տվել ապացույցներ ներկայացնել, վկաներ բերել։ Ընդ որում՝ վերաքննիչը չի անդրադարձել մի կարևոր հարցի՝ Մայրապետյանն իսկապե՞ս Կենտրոնի բնակարանները վաճառել է կոպեկներով ու կեղծիքներով։

Մայրապետյանը մեղադրայլի աթոռին է 2018-ից։ Բացի այս գործից, իրավապահները նաև պնդում են Մայրապետյանը 3 միլիոն դոլար կաշառք է ստացել գործարար Սիլվա Համբարձումյանի, որ փոխանցի նախագահ Քոչարյանին, նաև օժանդակել է, որ նախագահի աշխատակազմի ղեկավարը կաշառք օրինականացնի։ Մեղքը չընդունող 64-ամյա Մայրապետյանը 2019-ին առողջական խնդիրների պատճառով տեղափոխվեց Գերմանիա ու չվերադարձավ, այժմ հետախուզվում է։