Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտությունը փաստում է, որ Հայաստանում դեռահասները քաղցրավենիքի սպառման հարցում առաջին հորիզոնականում են 5 տասնյակ եվրոպական ու հետխորհրդային երկրների շարքում։ Հետազոտությունը 4 տարին մեկ իրականացվում է «Արաբկիր» բժշկական համալիրի հետ համատեղ։
Մասնագետներն ասում են՝ երեխաներին կոֆեին պարունակող ըմպելիք՝ թեյ չի կարելի տալ, շաքարն իր հերթին ևս վտանգավոր է, գրում է «Ազատությունը»։
Շաքարավազով թեյ Հայաստանում երեխաները խմում են, բայց անչափահասների սպառած մեծ քանակի շաքարի գլխավոր աղբյուրը, այնուամենայնիվ, կոնֆետներն են, այդ թվում՝ շոկոլադը։
«Արաբկիր» ԲՀ–ի Դեռահասային առողջության ծրագրերի համակարգող Մարինա Մելքումովան նշել է, որ 11 տարեկան աղջիկների 47 տոկոսը, 13 տարեկան տղաների 49 տոկոսը և 15 տարեկան աղջիկների 64 տոկոսը, տղաների՝ 56 տոկոսն ամեն օր օգտագործում է քաղցրավենիք։ Դեռահասները կոնֆետներից բացի շաքար և դատարկ կալորիաներ են ստանում նաև գազավորված ըմպելիքների միջոցով, ինչը բերում է ավելորդ քաշի և առողջական խնդիրների։