Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ հունվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիներն ուղեվարձը վճարելու են բացառապես անկանխիկ եղանակով։ Նա այդ մասին ասել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
«Հունվարի 1-ից մենք անցնում ենք բացառապես անկանխիկ եղանակով վճարումներին։ Այսինքն, այլևս կանխիկ վճարելու հնարավորություն հանրային տրանսպորտում չի լինելու։ Այնուամենայնիվ, մեկանգամյա տոմսի համար նաև գործելու է գործող սակագինը, որպեսզի այս ադապտացիոն շրջանն անցնենք»,–ասել է նա, հայտնում է Արմենպրեսը։
Նա հավելել է, որ գործելու են նաև նոր տոմսային գործիքները, որոնցից կարող են օգտվել այն անձինք, որոնք արդեն իսկ պատրաստ են մուտք գործել համակարգ։
«Մենք հունվարի ընթացքում այս տրանսֆորմացիան պետք է ապահովենք՝ հին մոդելից դեպի նոր մոդել։ Սա առաջին թեման էր, որի մասին ես ուզում էի խոսել։ Կարծում եմ, որ սա մեր ամենակարևոր ռեֆորմներից մեկն է։ Իրականում մենք անընդհատ խոսում ենք սակագներից, սակայն չենք խոսում, թե ինչ թվային հնարավորություններ են ստեղծվում այս գործիքների կիրառման արդյունքում»,- ասել է Ավինյանը։
Ավինյանը նաև ներկայացրել է Transport.yerevan.am` միասնական տոմսային համակարգի կայքը, հայտնում է Panorama.am-ը։
«Կարող եք ծանոթանալ նոր տոմսային փաթեթներին, հաշվիչի միջոցով հաշվարկել, թե որն է ձեզ համար լինելու ամենամատչելի տոմսը, հանրային ծառայության համարանիշը մուտքագրելով ստուգել՝ արդյոք ներառված եք արտոնյալ խմբում»,–ասել է նա։
Նրա խոսքով՝ երևանցիները բոլոր ծառայություններին հասանելիություն են ստանալու մի օգտահաշվով և անհրաժեշտություն չի լինելու այցելել տարբեր կայքեր, ունենալ տարբեր օգտահաշիվներ։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ ասել է, որ կայքում գործիքակազմն ընդլայնվելու է։
«Հնարավորություն է լինելու ձեռք բերել տոմսեր՝ կցելով բանկային քարտին որպես կրիչ»,–ասել է նա։
Մեկ երթևեկության համար 100 դրամանոց արժեքը կպահպանվի մինչև փետրվարի 1-ը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով։ Նա նաև շեշտել է, որ մետաղադրամ ընդունող սարքերը հունվարի 1-ից կապարակնքված կլինեն, այսինքն՝ 100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է: Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կոչ էր արել բոյկոտել տրանսպորտի թանկացումը՝ շարունակելով վճարել 100 դրամ։