AM
24 December 2024 - 09:25 AMT

Աղազարյանի հեռախոսը թվային խուզարկության է ենթարկվել. Վերականգնվել է նաև ջնջված նամակագրությունը

«Քաղաքացիական պայմանագրից» հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանը բողոքարկել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի որոշումը՝ պահանջելով գլխավոր դատախազից քրեական վարույթ նախաձեռնել պատգամավորի նամակագրության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ։ Փաստաբան Հակոբ Ճարոյանի փոխանցմամբ, քննությամբ պետք է պարզվի, թե ինչպես է Հովիկ Աղազարյանի հեռախոսի բովանդակությունը հայտնվել վարչապետի, հետո էլ արդեն՝ ՔՊ-ականների սեղանին։

Նա նշել է, որ պատգամավոր Աղազարյանի հեռախոսի բովանդակությունը դատարանի որոշմամբ դուրս է բերվել Հակակոռուպցիոն կոմիտեում՝ հատուկ սարքի միջոցով իրականացված թվային խուզարկության ընթացքում։ Ընդ որում, այդ սարքը հնարավորություն է տալիս վերականգնել ոչ միայն հեռախոսում առկա տեղեկատվությունը, այլև ժամանակին ջնջված հաղորդագրությունները, հայտնում է «Ազատությունը»։

Հակակոռուպցիոն կոմիտեում պատգամավորի հեռախոսը թվային խուզարկության է ենթարկվել երկու անգամ, առաջինը՝ նոյեմբերի 23-ին՝ պատգամավորի և փաստաբանի ներկայությամբ, մյուսը՝ նոյեմբերի 29-ին՝ վերջիններիս բացակայությամբ։

«Նոյեմբերի 29-ին նորից է մեզ կանչում, ասում է՝ «մենք ստացել ենք նոր վերծանող ծրագիր, որի միջոցով ավելի մանրամասն պետք է մենք իրականացնենք թվային խուզարկություն», – ասել է Ճարոյանը:

Հովիկ Աղազարյանի հեռախոսի թվային խուզարկությունից հետո արդեն՝ դեկտեմբերի 3-ին, «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարություն է տարածել, թե Աղազարյանին հեռացրել են կուսակցությունից՝ պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։

«Ինչպե՞ս Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի վերծանած տեղեկությունները հասան ՔՊ վարչություն։ Քննիչը ասում է, որ «ես որևէ հանցավոր արարք չեմ կատարել, ոչ մեկի չեմ տրամադրել», Ազգային անվտանգությունն էլ ասում էր, որ ձեր հարցերը ուղղեք քննիչին»,–նշել է փաստաբանը։

Փաստաբան Հակոբ Ճարոյանը հարցնում է՝ եթե պետական գաղտնիքի արտահոսք է եղել , ինչպես պնդում է իշխանությունը, ինչո՞ւ քննիչը դրա հիման վրա քրեական վարույթ չի հարուցել, երբ պատգամավորի հեռախոսի բովանդակությունը վերծանելիս հանդիպել է այդ փաստին: Փոխարենը՝ Գլխավոր դատախազությունը մամուլի հաղորդումների հիման վրա հանձնարարական է տվել Հակակոռուպցիոն կոմիտեին , որն էլ միայն դեկտեմբերի 16-ին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով Աղազարյանի վերաբերյալ քրեական վարույթ է հարուցել:

«Ներկա պահին կոնկրետ մեզ, տվյալ գործով, որ վարույթ է նախաձեռնվել, կոնկրետ Հովիկ Ազաղարյանին որևէ կարգավիճակով դեռևս չեն հրավիրել վարույթն իրականացնող մարմին, ասենք՝ Հակակոռուպցիոն կոմիտե: Հիմնվել վարչապետի ասածի վրա և ասել կա թե չկա, ես դա հիմնավոր չեմ համարում»,–ասել է փաստաբանը։

Չնայած իշխանության ամենաբարձր մակարդակով հնչեցրած պնդումներին, թե պատգամավորը պետական անվտանգության ու նաև հակահետախուզական տվյալներ պարունակող տեղեկությունների արտահոսք է կազմակերպել, առայսօր գլխավոր դատախազը Աղազարյանին մեղադրանք ներկայացնելու համար նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ չի եկել խորհրդարան: Պարզ չէ նաև՝ շուրջ մեկ շաբաթ առաջ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով հարուցված քրեական վարույթով արդյոք հարցաքննվել են վարչապետն ու ՔՊ վարչության մյուս անդամները։