Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ամրամ Մակինյանը, անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանին առաջադրված նոր մեղադրանքին, ասել է, որ քրեական գործը հարուցվել է Ռուբեն Հայրապետյանի անձի նկատմամբ, ոչ թե փաստի առթիվ։
«Քրեական գործի մոտ 30 հատորի ուսումնասիրությունը հանգեցնում է նրան, որ այս քրեական գործը հարուցվել է Ռուբեն Հայրապետյանի անձի նկատմամբ, ոչ թե փաստի առթիվ․․․Եթե այս 30 հատորը փաթեթավորենք և ուղարկենք Եվրոպական դատարան, դրանով այս գործը կավարտվի»,-ասել է նա, գրում է «Առավոտը»։
Հայրապետյանի և իր ընտանիքի անդամների նկատմամբ դեռ հինգ տարի առաջ սկսված քրեական հետապնդումները, փաստաբանի հավաստմամբ, քաղաքական ենթատեքստ ունեն։ Ըստ նրա՝ Հայրապետյանին նկատմամբ նոր քրեական հետապնդումն էլ դրա շարունակությունն է։
«Մարդիկ բանուգործները թողած՝ ընկել են Ռուբեն Հայրապետյանի ետեւից։ Հանրային և պետական ռեսուրսներն օգտագործում են՝ որպեսզի հիմնավորեն այն «ծիծաղելի մեղադրանքը», որը հիմա կա»,–ասել է պաշտպանը։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ գլխավոր դատախազն է ոստիկանությանը հանձնարարական տվել այս գործով՝ իրենց սկսած գործի հիմքերն ապահովելու համար, ինչին հետևում է ոստիկանության ներկայացրած «հեքիաթը»։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 դրվագով՝ 152 մլն դրամի խարդախության և 16 միլիոն դրամի փողերի լվացման համար․ «Ռուբեն Հայրապետյանն ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից բարեգործական ծրագրերի շրջանակներում գումարներ են հատկացվել Ֆուտբոլի ֆեդերացիային մանկապատանեկան մարզադպրոցներ կառուցելու նպատակով, նպատակադրվել է այդ հատկացվելիք գումարներից կատարել հափշտակություն»։ Գործով, ընդհանուր առմամբ, կա 5 մեղադրյալ, այդ թվում ֆեդերացիայի նախկին նախագահն ու փոխնախագահը․ դատարան է գնացել 4-ի գործը, քանի որ Ռուբեն Հայրապետյանը հետախուզման մեջ է: